Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞ւմ թերացումն էր, որ կորոնավիրուսը հատեց մանկատան և տուն-ինտերնատի սահմանները». Սրբուհի Գրիգորյանը՝ Կառավարությանը

19:40, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Ո՞ւմ թերացումն էր, որ կորոնավիրուսը հատեց մանկատան և տուն-ինտերնատի սահմանները». Սրբուհի Գրիգորյանը՝ Կառավարությանը

«Ո՞րն էր պատճառը և ո՞ւմ թերացումն էր, որ կորոնավիրուսը հատեց մանկատան և տարեցների տուն-ինտերնատի սահմանները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Քանի որ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ինքնամեկուսացված է և ներկա չէ նիստին, հարցին մասնակի պատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Դեռ փետրվարից մենք հրահանգներ ենք տվել փակ հաստատություններին, դրանք տուն-ինտերնատներն են, ՔԿՀ-ները, մանկատները, բանակը և այլն, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ փակի տիպի հաստատություններում ապրող մեր քաղաքացիների վարակվելու վտանգը, սակայն 100 տոկոսով դա բացառել, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ»:

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված մանկատան սաների և տուն-ինտերնատի տարեցների առողջական վիճակին՝ Թորոսյանն ասաց. «Հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ բժշկի մշտական ներկայությամբ, քանի որ երեխաները թեթև են տանում հիվանդությունը: Ինչ վերաբերում է տուն-ինտերնատին, ասեմ որ սկզբի մի քանի օրերը նույն մեխանիզմով էինք աշխատում մինչև վերջնական շրջանակի հայտնաբերումը: Հետագայում արդեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեին հիվանդանոցային բուժօգնության, տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ որոնք թեթև էին տանում, տեղափոխվեցին հյուրանոցային հաստատություններ»,- հայտնեց Թորոսյանը:

| | |
2368 | 0
Facebook