Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերադարձ չի՛ լինելու գողապետությանը և մաֆիոզ վարքուբարքին». Ատոմ Մարգարյան

19:40, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
«Վերադարձ չի՛ լինելու գողապետությանը և մաֆիոզ վարքուբարքին». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերադարձ չի՛ լինելու գողապետությանը և մաֆիոզ վարքուբարքին

Վերջին շրջանում իշխանության դեմ դիվահար քարոզչությունը հիրավի աննախադեպ ծավալներ է ընդունել։ Դրան, անշուշտ, նպաստել են թե կորոնավարակի էքսպոնենցիալ բռնկումը, և թե օբյեկտիվ պատճառներով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը։ Հեղափոխությամբ իշխանությունից քշված ու հալածյալ-մարգինալների վերածված թալանչիների լավ կազմակերպված խմբավորումը, ըստ ամենայնի, որոշել է օգտվել իրավիճակից ու դժգոհության ալիքի վրա տապալել բացարձակ լեգիտիմություն ունեցող իշխանությունը՝ զորաշարժի ենթարկելով շահառուների մի մեծ բանակ։ Թալանված միլիարդներից սնուցվող քարոզչական մեծ փորձառություն ունեցող ծախու գրչակներ, նույն աղբյուրներից սնվող վայ «մասնագետ-քաղաքագետներ», իրենց քաղաքական գործիչ հորջորջող փոդրաթչի-սազանդարներ, ուսխորհրդական ծագումնաբանությամբ՝ հատուկ ծառայությունների փորձանոթներում աճեցված, չարացած ու բեկված կարիերայով եզակի ճառախոս-միջակություններ, պրոֆեսիոնալ վարձկան-իրավաբաններ, փողոցային խժդժությունների ու սադրանքների ունակ դուրսպրծուկ- ջահելներ, մի քանի արծաթի (իմա՝ պիցցայի) դիմաց խիղճ ու հոգին հուդային ծախելուն պատրաստ պատեհապաշտներ, սպայի պատիվը մի կողմ դրած բիզնեսմեն-գեներալներ, հազվագյուտ խելացի, սակայն քաղաքական առումով տհաս, անհույս ու անհամբեր մոլորյալներ (պատկերացրեք՝ այդպիսիք էլ կան)…

Ընդդեմ իշխանության զորաշարժի կոչված միավորների այս շարքը կարելի է շարունակել։ Սակայն սա էլ հերիք է՝ արձանագրելու համար, որ երկրում իսկապես իրավիճակ փոխելուն հակված իշխանության մի քանի նախաձեռնությունները, առաջին հերթին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, մոտալուտ վեթթինգը, Սահմանադրական դատարանի թնջուկի հնարավոր հանգուցալուծումը, մարտի 1-ի գործի ընթացքը, հնարավոր է նաև մոտ ապագայում՝ հոկտեմբերի 27-ի գործը այն գործոններն են, որոնք նախկին իշխանության պարագլուխներին ու նրանց շուրջ համախմբված մի քանի հազար ակտիվ անբարիշտներին հարկադրում են շտապել՝ բաղձալի թիրախը հնարավորինս շուտ խոցելու համար։ Բայց ինչքանո՞վ է այն խոցելի։ Այս մարդիկ երևի մոռացել են երեկ չէ առաջին օրը Արշակունյաց պողոտայով դեպի վար ձգվող մարդկային այն ծփուն հեղեղը, որը պատրաստ էր սրբել իր ճանապարհին ամեն ինչ, իսկ իրենք այդ պահին մկան ծակը հազար թումանով ման եկողի կարգավիճակ ունենին։ Երևի երկրի ռազմավարական ակտիվները վաճառած, հանուն սեփական անօրեն իշխանության հայրենիքի ինքնիշխանությունը աճուրդի հանած նախկիններին պետք է անընդհատ հիշեցնել այդ մասին, որ …հանգիստ նստեն տեղները։

Ոզնուն էլ հասկանալի է, որ իշխանությունը ֆորս-մաժորով տապալելու հավանականությունը չնչին է։ Սակայն «կրկին փորձիր»-ը երևի այն միակ փրփուրն է, որից կառչած՝ «ընդդիմադիրների» փոքրիկ զորաբանակը իրեն սփոփում է՝ մսխելով թալանած միլիարդների որոշ մասը, հույս ունենալով, որ տապալելով իշխանությունը, կարող է պահպանել ապօրինի ինչքի առյուծի բաժինը, հետն էլ՝ զավթել իշխանությունը, ինչպես եղավ այն խառնակ ժամանակներում։ Զուր ջանքեր են. որևէ տարբերակով վերադարձ գողապետությանը և մաֆիոզ վարքուբարքին չի՛ լինելու:

Այն հույսերը, թե իշխանության մեջ հնարավոր է ձևավորել «տրոյական ձիերի» ինչ-որ երամակ ու դրա միջոցով փոխել ստատուս-քվոն Ազգային ժողովում (ուստին նաև՝ երկրում), ուղղակի ֆանտազիայի ժանրից է, ինչ ծախս էլ անեն։ ԱԺ իշխող խմբակցությունում բարեբախտաբար (ոմանց համար՝ դժբախտաբար) չկան այնպիսի գործիչներ կամ դեմքեր, ովքեր կարող են մանդատն առնել ու թռնել դավադիր ուժերի գիրկը, ու այդ պահից ազատ ելումուտ անել Խորհրդարանի դարպասներից այս ու այն կողմ։ Եթե կան նման խելապակասներ, ապա նրանց հետ ուղղակի քաղաքական լիկբեզ պետք է անել ու հասկացնելով՝ հիշեցնել, թե ովքեր էին իրենք հեղափոխությունից առաջ, և որ իրենց մանդատներն ու կարգավաճակը իրենք ստացել են բացառապես «ընդհանուր փաթեթի» մեջ ու ամենևին ոչ իրենց ապրածի ու հանրային-քաղաքական «վաստակի» հանգույն։ Թող ինձ ներեն քաղաքական ու գործադիր պաշտոն զբաղեցնող բազմաթիվ ազնիվ ու պրոֆեսիոնալ գործընկերները, սակայն ակնհայտ է նաև, որ նրանց շարքերում ակներևաբար քիչ չեն քաղաքական առումով սնամեջ ու անբովանդակ նմուշները, որոնց ներկայությունն իսկ իրենց կարգավիճակում պարզապես թյուրիմացություն է։

Սակայն, մյուս կողմից, ասվածն ամենևին չի նշանակում, որ իշխանությունը սուրբ է, ինքնին խնդիրներ չունի ու չպետք է նրան քննադատել։ Ավելի շուտ՝ ճիշտ հակառակը պետք է լինի։ Ցանկացած իշխանություն պետք է հանրային-քաղաքական մշտական ճնշման տակ լինի։ Մինչդեռ, ակնհայտ է, որ այսօրվա լեգիտիմ իշխանությանն այդպես էլ չի հաջողվել իր ղեկավարի ահռելի անձնական քաղաքական կապիտալը ինստիտուցիոնալացնել այնպես, որ իշխանությունը դառնա հզոր ու նվիրյալ անձ-հենասյուներից բաղկացած բազմակենտրոն ու անխոցելի ինստիտուցիոնալ համակարգ, որի տապալումը դառնա գործնականում անհնար։ Ավելին, իշխանության վերին էշելոններում կան մարդիկ, ովքեր իրենց բնույթի ու ծագումնաբանության բերումով հակված են երկակի խաղերի ու պետք եկած տեղը առանց աչքը թարթելու կդավաճանեն թե հեղափոխությանը, և թե իրենց առաջնորդին։ Ակնհայտ է նաև, որ որոշ իշխանականներ էլ «ափաշքարա» զբաղված են իրենց տեսանելի կամ անտեսանելի կոռուպցիոն բուրգերը «ցրցամելու» անհեռանկար ծրագրերով։

Այո, ցանկացած իշխանություն, անկախ իր ծագումնաբանությունից, պետք է օրն ի բուն ապացուցի, որ գող չէ, կոռումպացված չէ, որ անբարո, թայֆաբազ ու անբարիշտ չէ, այդ թվում՝ Նիկոլ Փաշիյանի իշխանությունը։ Այս երկրում այլևս միամիտներ չկան, իսկ մարդիկ շատ ցավագին են ընդունում իշխանության այս կամ այն տապալումը, այս կամ այն գործչի կոռուպցիոն խաղերն ու խաղիկները։ Ինչու՞. որովհետև … հենց իրենք են ձևավորել այդ իշխանությունը՝ ԻՐԵ՛ՆՑ ՔՎԵՆԵՐՈՎ ՈՒ ՏԵ՛Ր ԵՆ ՈՒ ՀԵՏԱՅՍՈՒ ԷԼ ՏԵ՛Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԴՐԱՆ։

Իսկ ժամանակը չի սպասում։ Արդեն իշխանությունը մոտենում է իր ժամկետի հասարակածին ու ինչ-որ տեղ հանրային-քաղաքական դիսկուրսի թույլատրելի ու անթույլատրելի դրսևորումների շիկացումը նաև այդ հանգամանքով է պայմանավորված։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ բացի իշխանություն-արմատական ընդդիմություն տանդեմից մեր հասարակության մեջ կան ակտիվ այլ խմբեր, քաղաքական ուժեր ու գործիչներ, ազատամարտի անմնացորդ նվիրյալներ (պոտենցիալ երրորդ ուժի բևեռ), որոնք վերը թվարկված զարգացումների հանդեպ չեզոք են, սակայն ամենևին անտարբեր չեն ու անմասն չեն լինի ինչպես հերթական, այնպես էլ (թեև ոչ ցանկալի) արտահերթ ընտրություններին մասնակցությունից ու երկրի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելուց»։

6332 | 2
Facebook