Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Համացանց

«Մենք տեսել էինք Մասիս Մայիլյանի վաճառվելը 2015 թվականին»․ Հայկ Խանումյան

18:30, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
«Մենք տեսել էինք Մասիս Մայիլյանի վաճառվելը 2015 թվականին»․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին մենք չէինք քննադատում ընդդիմադիր փորձառություն ունեցած, բայց հետո իշխանության հետ գործարքի գնացած որոշ գործիչների, հաշվի առնելով, որ Արցախը փոքր է, քաղաքական դաշտը նույնպես, գործիչների դեֆիցիտ կա, չարժե «փչացնել» ոմանց: Սակայն կարծում եմ մեր վարքագիծը սխալ էր, քանզի չբացահայտելով որոշ գործիչների հանրության առջև՝ հնարավորություն ենք տալիս նրանց կրկին խաբել ժողովրդին:
     Հենց ամենասկզբից էլ պարզ էր, որ Մասիս Մայիլյանն Արայիկ Հարությունյանի թիմակիցն է, իշխանական թեկնածու: Ակնհայտ էր, որ նախագահական ընտրություններին Մասիսի մասնակցությունն ընդամենը նպատակ ուներ մանիպուլացնել հանրային կարծիքը, օգնել Արայիկին հեշտությամբ ընտրվել: Մայիլյանը շուրջ 10 տարի գործել էր որպես քաղաքացիական հասարակության մաս և փոփոխություններ ձգտող զանգվածը նրան կարող էր ընկալել որպես Հարությունյանի այլընտրանք, եթե խաղը լավ խաղային: Այս մեծ խաբեությանը մեծապես օգնեցին նաև Արցախի ներքաղաքական կյանքը խորապես չիմացող հայաստանյան լրատվամիջոցները, Արցախից էլ ավելի անտեղյակ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները: Ես ցավում եմ Մասիս Մայիլյանին աջակցած «Նոր Արցախ» դաշինքի կուսակցությունների և գործիչների համար, որոնց ի դեպ Մ. Մայիլյանն ընտրական գործընթացի ժամանակ մի քանի անգամ դավաճանեց: Բազմիցս այդ դաշինքի անդամներին զգուշացրել ենք, որ Մասիս Մայիլյանն իշխանական թեկնածու է և իրենց ուղղակի օգտագործում է իրեն ավելի թանկ վաճառելու համար: Մենք տեսել էինք Մասիսի վաճառվելը 2015թ., այս կարգի մարդկանց համար քաղաքականությունն ընդամենը սեփական անձի և ընտանիքի համար մի քանի աշխատավարձ պոկելն է:
     Քարոզարաշավը կարծում եմ ցրեց նաև շատ միֆեր որոշ քաղաքական գործիչների իբր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մասիս Մայիլյան, իհարկե, ղարաբաղյան բանակցային գործընթացի լավագույն գիտակն է, այս հարցում ունի ինստիտուցիոնալ հիշողություն: Բայց միայն այդքանը: Մարդը մակերեսային պատկերացումներ ունի պետական կառավարման մասին, վատատեղյակ է Արցախի տնտեսությանը, քարոզարշավի ընթացքում այդպես էլ ծրագիր չներկայացրեց, փախավ հեռուստաբանավեճերից: Երկրորդ փուլ անցնելուց հետո, բնականաբար հրաժարվեց պայքարելուց, որովհետև իշխանության սցենարն արդեն լիովին իրականացվել էր՝ ունենալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ իշխանական թեկնածուների մասնակցությամբ:
     Չգիտեմ կմնա որպես արտգործնախարար, թե ոչ (կարծես Ստեփանակերտից և Երևանից անկախ խոչընդոտներ կան), սակայն հստակ է, որ կլինի Արայիկ Հարությունյանի թիմակիցը և կհամագործակցի նրա հետ (տե՛ս տեսանյութը):
     Հասարակությանն ամենամեծ հարվածը հասցնում են քաղաքականությունն առևտրի վերածողները: Սրանց վարքագիծը ժողովրդի մեջ մեծացնում է ապատիան քաղաքական գործըթնացների նկատմամբ, ինչն էլ հնարավորություն է տալիս կեղեքիչ էլիտաներին անընդհատ մնալ իշխանության»:

| | |
3264 | 0
Facebook
COMMENT.am