Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

30 տարի առաջ այս օրը տեղի ունեցան ՀՀ օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները

21:10, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
30 տարի առաջ այս օրը տեղի ունեցան ՀՀ օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս օրը տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները:

ՀԽՍՀ ու ԼՂԻՄ բոլոր շրջաններից ընտրված 260 պատգամավորներին վիճակված էր ի կատար ածել 1988-ի Համազգային շարժմամբ առարկայացած մեր վաղեմի ազգային իղձերը։

Առաջին իսկ նստաշրջանում` 1990թ․ օգոստոսի 23-ին, Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հաջորդ օրը Գերագույն խորհուրդը որոշեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, իսկ նույն թվականի սեպտեմբերի 23-ին, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Մինչև իր աշխատանքների ավարտը՝ 1995թ. մայիսի 15-ը, ՀՀ ԳԽ-ն ընդունեց 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցով դրվեցին ՀՀ իրավական-օրենսդրական համակարգի հիմքերը:

Եվ եթե անգամ չլինեին բոլոր մնացյալ օրենքներն ու որոշումները, միայն Անկախության հռչակագրի և հանրաքվեի մասին որոշման ընդունումով արդեն Գերագույն խորհուրդը ոսկե տառերով ամրագրվեց Հայաստանի նորագույն պատմության էջերում:

ԳԽ հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ կերպով անձամբ ձեզ համար այս անչափ կարևոր տարեդարձի կապակցությամբ և որպես ձեր կրտսեր գործընկեր ցանկանում իմ երախտիքի խոսքերը հղել նորանկախ Հայաստանի հիմքերում կանգնած լինելու համար:

Երախտագիտությամբ և հարգանքով՝
     Արարատ Միրզոյան

| | |
1615 | 0
Facebook