Վորոնեժի օդանավակայանում առգրավվել է մաքսանենգ հայկական ծխախոտի խոշոր խմբաքանակ: Ըստ հաստատված տվյալների՝ խմբաքանակն առգրավել է տրանսպորտային ոստիկանությունը, որն այն ուղարկել է փորձաքննության, գրում է EADaily-ն:
Ծխախոտի կշիռը մի քանի տասնյակ տոննա է, այն տեղափոխելու համար օդանավակայան է ժամանած եղել 3 խոշոր բեռնատար, որոնք հետագայում մաքսանենգ ապրանքը պետք է տանեին Ստավրոպոլ:
Ըստ որոշ տվյալների՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին:
Հարկ է նշել, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը մաքսային ծառայության հետ համատեղ Կրասնոդարի օդանավակայանում առգրավել է դարձյալ Հայաստանից ժամանած ծխախոտի խոշոր խմբաքանակ: Այն բերվել էր ԱԻՆ ինքնաթիռով, որը թռել էր Երևանից և, համաձայն փաստաթղթերի, պետք է հասներ Աֆղանստան: Ընդհանուր առմամբ՝ 40 տոննա կշռող բեռը ունեցել է կեղծ փաստաթղթեր, այս միջադեպով այժմ կատարվում է հետաքննություն: