Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանը հերքում է ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները՝ համաձայն որի՝ Փաշինյանի պապը կռվել է Կարմիր բանակի դեմ

14:05, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Երևանը հերքում է ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները՝ համաձայն որի՝ Փաշինյանի պապը կռվել է Կարմիր բանակի դեմ

Մայիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղադրելով իր պապի լուսանկարը: «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,- գրել էր նա։

Ռուսական մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ էին տարածվել, ըստ որի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այս հրապարակումներն անընդունելի սուտ է որակել։

«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե Գևորգյանը։ Հերքումը տեղ է գտել ՀՀ արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում:

Ըստ Գևորգյանի՝ նման նյութերը տարածվում են որոշակի շրջանակների կողմից` քաղաքական նպատակներով:

«Տարածման աղբյուրների ամենամակերեսային վերլուծությունը վկայում է, որ այդ կեղծիքի հեղինակները նպատակ ունեն սեպ խրելու հայ–ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ, և իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հերոսներին զրպարտելուց»,- հավելել է Գևորգյանը:

Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», ում անունը հիշատակվում է հրապարակումներում։

9511 | 0
Facebook