Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թանգարանների թոփ 10-յակ, որ կոչ եմ անում առիթի դեպքում այցելել». Նարեկ Սարգսյան

00:10, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Թանգարանների թոփ 10-յակ, որ կոչ եմ անում առիթի դեպքում այցելել». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 15 տարում ճամփորդությունն իմ կյանքի անբաժանելի մասն է եղել։ Ո՛չ մի գիրք կամ ֆիլմ աշխարհաճանաչողության համար չի կարող փոխարինել ճամփորդությանը։ Բայց ես պասիվ հանգիստ չեմ սիրում։ Օրինակ գնալ 10 օր լռվել ծովի ափին, ինձ համար անհնար ա։ Փոխարենը նախընտրում եմ թանգարաններ։ Վերջերս հաշվեցի, որ ընհանուր առմամբ մինչև այսօր այցելել եմ 122 թանգարան, որոնցից 42-ը Հայաստանում, 80-ը՝ արտասահմանում։ Ահա իմ այցելած թանգարանների թոփ 10-յակը, որը կոչ եմ անում առիթի դեպքում այցելել։

1. Լուվր, Փարիզ։ Լուվրը ինձ համար մրցակցությունից դուրս է բոլոր առումներով։ Ֆրանսիական, իտալական, գերմանական ռենեսանս, հունահռոմեական քանդակ, միջագետք, եգիպտոս, Իրան… մի խոսքով Լուվրը կարելի է ասել 20-30 թանգարանների ամբողջություն է։ Ես Լուվրում եղել եմ 4-5 օր, բայց շատ վաղուց, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից գնալու։

2. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ։ Քանի որ ես ծնունդով Լենինգրադից եմ, Էրմիտաժի մասին միշտ մանկուց լսել եմ ծնողներիցս և դրանով էդ թանգարանը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Վերջին անգամ եղել եմ անցած տարի։ Էս տարի էլ, եթե համաճարակը չլիներ, ուզում էի գնալ։

3. Պրադո, Մադրիդ։ Ֆանտաստիկագույն թանգարան, որում կարելի է օրեր անց կացնել ու չհոգնել։ Պրադոյում ես հասկացա Գոյայի ու Էլ Գրեկոյի մեծությունը։

4. Շանհայի թանգարան։ Չինական արվեստի շատ մեծ հավաքածու։ Մի անգամ եմ եղել 10 տարի առաջ ու մինչև հիմա տպավորված եմ։

5. Օրսե թանգարան, Փարիզ։ Ժամանակագրական առումով սա Լուվրի շարունակությունն է։ Ցուցադրվում է 1848-1914 թթ արվեստը՝ Կուրբեից, Միլլեից սկսած մինչև Վան Գոգ, Տուլուզ-Լոտրեկ, Իմպրեսիոնիստներ ու Ռոդեն՝ ամեն ինչ այս թանգարանում է։

6. Հին Պինակոտեկ, Մյունխեն։ Մյունխենը ինձ համար հարազատ քաղաք է և Պինակոտեկներում եղել եմ երևի մի հիսուն անգամ։ Հին Պինակոտեկը Ֆլամանական ու Գերմանական վերածնունդի փառահեղ հավաքածու ունի։ Բրեյգելների սրահներում կարելի է մնալ անվերջ։

7. Կապիտոլիական թանգարան, Հռոմ։ Նորից ֆանտաստիկ թանգարան, հատկապես հունահռոմեական քանդակի հավաքածուով։

8. Հին վարպետների թանգարան, Դրեզդեն։ Սա չափերով համեմատաբար փոքր թանգարան է, բայց բաղկացած է միայն շեդևրներից։ Բաց թողնել չի կարելի։

9. Արվեստի թանգարան, Բազել։ Էս թանգարանը տասնյակում չէի դնի, եթե էստեղ չցուցադրվեր Գոգենի «Nafea faa ipoipo» կոչվող կտավը, որը հնարավոր չէ բնութագրել բառերով։ Մնացած հավաքածուում առանձնահատուկ բաներ չկան։ Հիշում եմ լավ պիկասոներ կան, բայց պիկասո շատ տեղերում կա։ Միայն Գոգենի էդ մի կտավի համար հատուկ արժե գնալ-հասնել Բազել։

10. Արվեստի թանգարան, Վիեննա։ Հիանալի թանգարան՝ իտալական, Գերմանական, Ֆլամանական դպրոցների անգին հավաքածուներով։ Այս թանգարանում է ցուցադրվում Վերմեերի «Գեղանկարչության արվեստը» (գերմ. «Die Malkunst»)։

Մնացած 70 թանգարաններից, որ այցելել եմ արտասահմանում, տասնյակի թեկնածու են նաև Պուշկինի անվան թանգարանը Մոսկվայում, Պոմպիդուն Փարիզում, Վան Գոգի թանգարանը Ամստերդամում, Ռուբենսի տունը Անտվերպենում, Ռուսական թանգարանն ու Կունստկամերը Պետերբուրգում, Բորգեզե պատկերասրահը Հռոմում ևն, ևն։ Բայց թոփ տասնյակս սա էր։ Հաջորդ անգամ կգրեմ Հայաստանի լավագույն թանգարանների իմ թոփ տասնյակը։

5341 | 0
Facebook