Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միացել եմ հռչակագրին և ստորագրել»․ Հայկ Մարտիրոսյան

09:00, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
«Միացել եմ հռչակագրին և ստորագրել»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միացել եմ հռչակագրին և ստորագրել

Իրավիճակը դառնում է օրհասական: Սա քաղաքական նոր հայտ է` ընդդիմության դաշտը վերաձևելու, կարգավորելու և ներկա ապիկար իշխանությանն ու նախկին հանցավոր ռեժիմներին այլընտրանք ձևավորելու ուղղությամբ: Իսկ դա այսօր այլևս ծայրահեղ անհրաժեշտություն է: Այս իշխանությունը պետք է հեռանա: Հների վերադարձ ոչ մի դեպքում, ոչ մի դեմքով չի կարելի թույլ տալ: Ազգային, ժողովրդավարական, ոչ-շովինիստական, ոչ կեղծ ուժերին այլընտրանք այսօր Հայաստանում չկա:

***

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին։
     Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
     նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետևանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
     փաստելով, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,
     արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն,
     նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է և ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
     համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձևաչափով,
     նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ,
     մենք՝ ներքոստորոգրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բևեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:
     Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձևավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
     Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա և պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետևյալ համակարգային միջոցառումները և փոփոխությունները.
     1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
     2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
     3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
     - քրեական արդարադատություն,
     - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
     4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում և ընդունում,
     5) Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
     Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաև արտահերթ ընտրություններով ձևավորված իշխանության գործունեությամբ:
     Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:
     Կոչ ենք անում ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բևեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:


     15 մայիս 2020թ., Երևան

Ազատ Օրդուխանյան

Ալբերտ Բաղդասարյան

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Գագիկ Ավագյան

Գարեգին Չուգասզյան

Գարիկ Խաչատրյան

Դավիթ Դավթյան

Դավիթ Գյուլզադյան

Եղիշե Պետրոսյան

Էմիլ Աբրահամյան

Ժիրայր Սէֆիլյան

Կարեն Բալայան

Կարո Եղնուկյան

Հայկ Մարտիրոսյան

Հարություն Կարապետյան

Մուշեղ Շուշանյան

Նարինե Դիլբարյան

Շանթ Ոսկերչյան

Վահան Արծրունի

Վարդան Հակոբյան

Վարդան Հայկազյան

Վարուժան Ավետիսյան

Վոլոդյա Ավետիսյան

Տիգրան Խզմալյան»։

10852 | 3
Facebook