Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ գործարք չկա և չի կարող լինել»․ ՀՀ նախագահի աշխատակազմ

11:45, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
«Որևէ գործարք չկա և չի կարող լինել»․ ՀՀ նախագահի աշխատակազմ

Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, ըստ որի՝ Հանրապետության նախագահի և վարչապետի միջև գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել․

«Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր:

Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում»:

8501 | 0
Facebook