Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը». Լավրով

16:40, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
«Բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը». Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարարը, Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
     «Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են: Բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ և սկզբում առաջարկել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և անցում՝ բանակցություններին: Այո, այդ փաստաթղթերում հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եղել է այսպես կոչված Քի Ուեսթի պայմանավորվածությունը 2001թ-ին, եղել են հաջորդող պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ ձևավորվել է Բաքու-Երևան, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը։ Այս ձևաչափը հարմար է, լավ է»,- նշել է Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ռուսական կողմից 2010-2011 թվականներին՝ այսպես կոչված Կազանյան փաստաթուղթը և նախագիծը, որը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք նաև տարածվել են ու այժմ ակտիվ քննարկվում են։
     «Այդ փաստաթղթերի կարգավորումը ենթադրում է փուլային մոտեցում՝ ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատմանը և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Համոզված եմ, որ երբ մենք կմոտենանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կլինի ամենակարևոր քայլը հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել բանակցությունները։ Հիմա ժամանակն է պայմանավորվել, սրան ենք ձգտում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»,- ասել է Լավրովը, փոխանցում է Arminfo-ն։

10981 | 1
Facebook