Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը». Արա Գալոյան

21:45, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
«Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը». Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը

Կան թեմաներ, որոնց նկատմամբ մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի: Խիստ վերապահ: Որդեգրումը հենց այդ թեմաներից է: Այն հազվադեպ է հասարակական քննարկման արժանանում: Այս թեմայի շուրջ անցած տարի կրքեր բորբոքվեցին: Քրեական գործեր հարուցվեցին: Հասարակական պատասխանատու ու ոչ այնքան քննարկումներ սկսվեցին: Նկատելի էր, որ սոցցանցերից մինչև «պատասխանատու» համարվող քննարկումների մասնակիցները տարրական պատրաստվածություն չունեն: Մինչդեռ մեր պաշտոնական վիճակագրությունը բավական լայնաշերտ հաշվառում ու հրապարակում է չոր թվեր: Թվեր, որ կարող են օգնել եղած խնդիրները հասկանալու և կարգավորելու համար: Առանց ավելորդ հուզականության:

Առաջին տվյալը, որ հրապարակվում է, կենտրոնական հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների քանակն է: Օրինակ, 2019թ․-ին որդեգրման ենթակա երեխաների քանակը 64 է: Նշվում է, որ երեխաներից 31-ը առողջական խնդիր ունի: Նրանցից հաշմանդամ են 7-ը: Որդեգրման ենթակա երեխաներից միայն 2-ն են ընկեցիկ: Մյուսների ծնողների մասին վիճակագրությունը ահագին տեղեկություն ունի: Օրինակ այն, որ երեխաներից 14-ի երկու ծնողն էլ կան: Միակողմանի ծնողազուրկ է 11 երեխա: 27 երեխայից են գրավոր հրաժարվել ծնողը (կամ ծնողները): Որդեգրման ենթակա երեխաների հիմնական թիվը բաժին է ընկնում Երևանին: 2019-ին մայրաքաղաքի «մասնաբաժինը» 70 տոկոս էր, 2018-ին՝ 66, 2017-ին՝ 49, 2016-ին՝ 52: Այս նույն տարիների վիճակագրությունն արձանագրում է, որ միայն Վայոց ձորի մարզում որդեգրման ենթակա երեխա չի հաշվառվել:

2019թ․ որդեգրվել է 19 երեխա: Վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ նրանցից 11-ին որդեգրել են ՀՀ քաղաքացիներ, իսկ 8-ին՝ օտարերկրացիներ: Մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, որդեգրման մասնաբաժինը 58 տոկոս է:

2018թ․-ին հակառակ պատկերն էր: Որդեգրվել էր 48 երեխա: Նրանցից 23-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, իսկ 25-ին՝ օրարերկրացիներ: 2017թ․ որդեգրվել է 56 երեխա: ՀՀ քաղաքացիները որդեգրել են 27 երեխայի, իսկ արտասահմանցիները՝ 29-ը: 2016թ․ 75 որդեգրված երեխաներից 35-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, 40-ին՝ օտարերկրացիներ:

Թեման իսկապես նուրբ է, բայց հարկավոր է առանձին դիտարկել նաև՝ յուրաքանչյուր տարի որքան երեխա է պաշտոնապես ընդգրկվել որդեգրման ենթակաների թվաքանակում: 2016թ․-ի պաշտոնական թիվը 103 է, 2017-ինը՝ 133, 201 8-ինը՝ 77, իսկ 2019-ինը՝ 64: Վերջին երկու տարիների նվազող թիվը բացատրվում է հենց այս խնդրի նկատմամբ հասարակական վերաբերմունքի աճով: Ընդ որում, հասարակական վերաբերմունքը որոշակիորեն հուզական էր ու անհանդուրժողական: Ի տարբերություն, ասենք, գիշերօթիկ դպրոցների փակման պաշտոնական որոշման: Իշխանությունները հայտարարեցին, որ այդ քայլին գնում են, ոչ թե բյուջետային միջոցների խնայողության նպատակով, այլ երեխաների շահերից ելնելով: Փաստարկն այս պարագային սա էր՝ ավելի լավ է երեխան գտնվի թեկուզ անբարենպաստ ընտանեկան միջավայրում, քան պետական ավելի բարենպաստ հիմնարկի հոգածության տակ: Նույն պետական խնամքի տակ են նաև որդեգրման ենթակա երեխաները:

Ավելացնենք նաև, որ պաշտոնական վիճակագրությունն իր պարտքը կատարում է: Կատարում է հստակ ու մանրամասն տեղեկատվություն մշակելով (որդեգրման ենթակա երեխաների սեռ, տարիք, առողջական վիճակ, ծնողների առկայություն և այլն): Իշխանությունների ու հասարակության գործն է առանց ավելորդ հուզականության վերլուծել իրավիճակն ու քայլեր ձեռնարկել:

4484 | 0
Facebook