Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջապես քաղաքական խոսք հնչեց». Սուրեն Սուրենյանց

09:20, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
«Վերջապես քաղաքական խոսք հնչեց». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անտեսանլի թշնամու» դաշնակիցը ոչ թե հրապարակային քննադատությունն է, այլ՝ իշխանության պոպուլիզմը, դիլենտանտիզմը

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը բազմաբովանդակ ու բազմաշերտ է՝ հիմնական հասցեատեր ունենալով իշխանությանը, նախկին համակարգին ու հասարակությանը: Իշխանության պոպուլիզմի ու նախկին համակարգի ոչ ադեկվատ վարքագծի համատեքստում վերջապես քաղաքական խոսք հնչեց: Քաղաքական «հրադադարի» վերաբերյալ Տեր-Պետրոսյանի բանաձևը ռացիոնալ է ու հասկանալի, սակայն հեռու ենք այն մտքից, որ առաջին նախագահի հորդորները լսելի կլինեն քաղաքական համակարգի հիմնական բևեռներում։ Տեր-Պետրոսյանի ձևակերպումները՝ ինչքան էլ քաղաքական են, միևնույն է՝ կտրված են հայաստանյան այսօրվա իռացիոնալ իրականությունից։

«Սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզը զարգացրել է հենց այսօրվա իշխանությունը՝ դարձնելով իր գոյության «գաղափարախոսությունն» ու ըստ այդմ՝ անկարելի է պատկերացնել, որ Ավինյանի պարետատունը կարող է բաց լինել ընդդիմախոսների հետ համագործակցության համար կամ իշխանությունը կարող է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։

Նույն կերպ՝ նախկիններն իրենց «կենսունակությունը» վերագտնում են գործողներին քարկոծելով։ Ըստ այդմ՝ քաղաքական «հրադադար» չի կարող լինել։ «Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա»,- երեկվա հոդվածում գրել է Տեր-Պետրոսյանը, ու ես դասական այս կանոնի հետ միանգամայն համաձայն եմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը շատ հեռու է դասական իրականությունից, որովհետև պոպուլիստական իշխանությունը՝ ինքն առաջին հերթին, չի կարողանում «կենտրոնանալ բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա»։ Ամենալավ ապացույցը Նիկոլ Փաշինյանի վերջին լայվն էր, որի ընթացում նա հասկացրեց, որ անգամ կորոնավիրուսի ժամանակ «սևի-սպիտակի» բանաձից դուրս չի գալու։

Եթե իշխանությունը չի գիտակցում պատերազմի գոյությունը, դժվար է նման վարքագիծ պարտադրել մյուսներին։ Երբ իշխանությունն առաջնորդվում է «ամեն ինչ գիտեմ» պոպուլիստական կարգախոսով, այլ տարբերակ չի մնում․ քան նրա դիլենտանտիզմը հրապարակավ «բացահայտելը»։

Այո՛, պատերազմ է, բայց «անտեսանլի թշնամու» դաշնակիցը ոչ թե հրապարակային քննադատությունն է, այլ՝ իշխանության պոպուլիզմը, դիլենտանտիզմը»։

8027 | 0
Facebook