Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

12:35, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի´ արցախցիներ, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ թե կուլիսային բանակցությունների կամ ստվերային պայմանավորվածությունների, այլ ընտրական արդյունքի վերլուծության հետ:

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների քվեարկության տվյալների համաձայն՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացաված է լինելու ինը պատգամավորական մանդատով:

Նախևառաջ անհատապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ինձ և իմ քաղաքական թիմին վստահելու, աննախադեպ ճնշումների պայմաններում սուղ ռեսուրսներով արդյունքներ արձանագրելու համար: Ես և իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում վստահված և չվստահված յուրաքանչյուր քվերի համար և հավաստիացնում, որ անելու ենք հնարավորը՝ իրագործելու մեր կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը:

Այն, որ ընտրություններն անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով, փաստում են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Իրավական այդ փաստաթղթերում արձանագրված ընտրական հանցագործությունների մասին վկայող ստվար մի թղթապանակ մեր կողմից ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այսինքն՝ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները: Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրապայքարը պիտի ընթանար Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի միջև: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես Մասիս Մայիլյանի փաստացի հրաժարվելն ընտրությունների մասնակցությունից՝ կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ»:

| | |
5371 | 0
Facebook
COMMENT.am