Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս մարմիններն ինչո՞ւ չեն կատարում իրենց առջև օրենքով դրված պարտականությունները». Նորայր Նորիկյան

18:10, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
«Այս մարմիններն ինչո՞ւ չեն կատարում իրենց առջև օրենքով դրված պարտականությունները». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի համաճարակների պայմաններում առողջապահական համակարգը միայնակ ի զորու չէ լիարժեքորեն պայքարել դրա դեմ և արձանագրել շոշափելի արդյունքներ:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես իրենց կարողությունների սահմաններում պետք է լծվեն այս խնդրի լուծման գործին:

Գոնե իմ տպավորությամբ, նշված մարմինների աշխատանքը ոչ միայն տեսանելի չէ, այլև անբավարար է:

Մենք այդպես էլ չտեսանք արտակարգ իրավիճակների նախարարության համակարգված և մասնագիտական աշխատանքն արտակարգ իրավիճակների դեպքում, չենք տեսնում մի շարք մարզպետարանների, քաղաքապետարանների, համայնքների և վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև համատիրությունների աշխատանքը:

Ծանոթանում եմ այս մարմինների իրավասություններին ու պարտականություններին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման ու իրականացման գործում և ապշում. այս մարմիններն ինչո՞ւ չեն կատարում իրենց առջև օրենքով դրված պարտականությունները:

Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այս ամենը վկայում է պետական ինստիտուտների փտածության և չկայացվածության մասին:

Ասյտեղ ո՛չ նոր որակ կա, ո՛չ նոր ձեռագիր կա, ո՛չ էլ որևէ պատկերացում ճգնաժամային կառավարման մասին:

Կա լոկ համապարփակ անպատասխանատվություն և իրավիճակի ոչ համարժեք գնահատում սկզբից ի վեր:

Եթե մենք արմատապես չփոխենք այս մարմինների աշխատանքային տեմպն ու ոճը, ոչ միայն չենք կարող արդյունավետ աշխատանք իրականացնել, այլև չենք կարող փոխել մեր կյանքի որակը:

Երկու տարի շարունակ գրեթե ոչինչ չարվեց պետական կառավարման փիլիսոփայության փոփոխության համար՝ բացառությամբ պարգևավճարների ինտենսիվ տրամադրման համակարգի ներդրման: Մնացածը՝ նույն իներցիոն մտայնությունն է:

Անձամբ ինձ համար սա շատ վիրավորական է, երբ պետական համակարգը հայտնվել է բառիս բուն իմաստով պարապուրդի մեջ:

Քանի՞ անգամ պետք է ասել, որ եթե ընդունել եք արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում և կայացրել եք այդ որոշումից բխող բազմաթիվ այլ որոշումներ, ուրեմն՝ բարի եղեք ապահովել դրանց իրական ու անխափան կատարումը, որպեսզի արդյունքը տեսանելի լինի:

Իսկ արդյունքը ոչ միայն տեսանելի չէ, այլև համաճարակի տեմպերը գնալով մեծանում են:

Ամեն պատեհ ու անպատեհ առիթի խոսել ժողովրդի վստահության գոյության մասին, չեմ կարծում, որ այն լուծում է այս գոյություն ունեցող խնդիրները:

Եթե դու իսկապես չեմպիոն ես, ուրեմն՝ պարտադիր չէ, որ ամեն օր ցույց տաս, թե քանի մեդալ ունես...»:

6711 | 2
Facebook