Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

23:30, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:

Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կաʹմ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կաʹմ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրությսան մեջ:

6612 | 0
Facebook