Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք վարակված մեկ բժիշկ, մեկ բուժքույր, շտապօգնության մեկ վարորդ». Արսեն Թորոսյան

15:05, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Ունենք վարակված մեկ բժիշկ, մեկ բուժքույր, շտապօգնության մեկ վարորդ». Արսեն Թորոսյան

Հայաստանը չունի կորոնավիրուսի թեստերի պակաս և շարունակում է դրանք ձեռք բերվել, մինչ այժմ արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։
     Ըստ նրա՝ կոնտակտավորների շրջանակը պարզելու գործընթացը շարունակական է, դեպքեր կան, որ շրջանակը պարզ է 100 տոկոսով:
     «Ինձ համար անհասկանալի է այն, որ հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, կարծես թե մենք իրենց հետ այլ բան պիտի անենք, քան իրենց առողջության մասին մտածելն է»:
     Ա. Թորոսյանն ասաց, որ վաղը կհրապարակեն մի քարտեզ, որտեղ կներկայացվեն կորոնավիրուսի դեպքերը` ըստ մարզերի: Հիմա հայտնի է, որ ամենից շատ դեպքեր են արձանագրվել Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Գյումրիից հիվանդների թիվը կարելի է 1-2 ձեռքի մատների վրա հաշվել, նրանց մոտ հիվանդությունը թեթև է:
     Մինչ այժմ ասվում էր, թե երեխաները կորոնավիրուսով չեն հիվանդանում, սակայն դեպքերի արձանագրումից հետո կարելի՞ է ասել, որ երեխաները ևս ռիսկային խմբում են: Ա. Թորոսյանը պարզաբանեց, որ երբ ասում են, թե երեխաները կայուն են կորոնավիրոսի հանդեպ, նկատի ունեն առողջ երեխաներին:
     «Եթե կա իմունիտետի դեֆիցիտ, երեխան դառնում է ռիսկային: Փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում»։
     Նախարարի վկայությամբ` հիվանդներին բուժում են Chloroquine դեղով, մինչ այդ բուժել են ՄԻԱՎ-ի համար նախատեսված 2 դեղերի խառնուրդով: Դեռ վաղ է եզրակացության գալ Chloroquine-ի արդյունավետության վերաբերյալ: Առայժմ որոշվել է այն տալ ծանր, թոքաբորբ ու դրա զարգացման ռիսկ ունեցողներին:
     Ներկա դրությամբ` կորոնավիրուսով հիվանդ մանկահասակ երեխա չունենք, կան դպրոցահասակներ, նրանք իրենց լավ են զգում:
     «Ունենք վարակված մեկ բուժքույր, բժիշկ, ՇՕ վարորդ, դա անխուսափելի է, որքան էլ փորձենք նրանց պաշտպանել»,-ասաց նախարարը:
     Հարցին, թե ինչ հետևանք կարող է թողնել կորոնավիրուսը հղի կանանց ու պտղի վրա, նախարարն ասաց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին․ տարիների հետազոտություն է անհրաժեշտ:

13919 | 0
Facebook