
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կառավարությանն առաջարկում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամենախոցելի վիճակում հայտնված ոլորտների աշխատակիցներին:
«Օրինակ՝ Չարենցավանում ապրող մի կին, որ այստեղ սպասարկման ոլորտում մատուցողուհի է աշխատում, հիմա կոմունալ վճարումներ կատարելու խնդիր ունի»,- հայտնեց պատգամավորը:
Այդ մեթոդը կիրառվում է ողջ աշխարհում: ԱՄՆ-ում օրինակ՝ ֆինանսական աջակցությունը ծրարով մարդկանց տներ է ուղարկվում: ՀՀ-ն ունի պահուստային միջոցներ, որոնցով և պետք է ֆինանսական աջակցություն հատկացնի։
«Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ անտոկոս վարկերը, դրանք գործարարները կվերցնեն, իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն և կունենան 0 տոկոսով վարկ: Շրջանառու միջոցից կվճարեն աշխատավարձերը, այդ փողը կօգտագործվի իրենց մեծ վարկերը փակելու վրա: Դա չի հասնի քաղաքացուն, որը տուժած է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ էլ նշեց, որ բոլոր այն օբյեկտները, որոնք փակվել են պետության միջամտությամբ, պետությունը պիտի աջակցի: Հստակեցնող հարցին, թե այսինքն՝ ինքը համամի՞տ է Գ. Ծառուկյանի հետ, Մարուքյանն ընդգծեց. «Ի՞նչ է նշանակում համամիտ եմ, դա ես եմ ասել սկզբում, Գագիկ Ծառուկյանը չի ասել: Ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքն ունի»,- ասաց նա: