Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխատանքային իրավահարաբերությունները՝ արտակարգ դրության պայմաններում

13:15, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Աշխատանքային իրավահարաբերությունները՝ արտակարգ դրության պայմաններում

«Օրենքով նախատեսված է, որ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է վերջինի մասնագիտությանը»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե նման հնարավորություն չկա, ապա նախատեսվում է, որ գործատուն փոխհատուցում է պարապուրդի համար՝ վճարելով միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան՝ նվազագույն չափը:

«Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդի համար»:

Սարգսյանը հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է օրենքի նոր նախագիծ, որը դեռևս քննարկումների փուլում է:

Այս նախագծով առաջարկվում է, որ հեռավար աշխատանքի պարագայում աշխատանքի դիմաց նախատեսված վարձատրությունը պետք է ամբողջությամբ պահպանվի, քանի որ աշխատանքի բնույթը նույնն է, միայն վայրն է փոխվում:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանա աշխատել հեռավար կարգով՝ Սարգսյանը նշեց, որ նոր նախագծով այդ դեպքում առաջարկվում է, որ քաղաքացիներն օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի հնարավորությունից:

Ժորա Սարգսյանը նշեց նաև, որ օրենքի նոր նախագծով նախարարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատակիցն անհարգելի բացակայություն է ունենում կամ ուշանում է աշխատանքից, արգելվի վերջիններին աշխատանքից ազատելու հնարավորությունը: Նույնը վերաբերում է նաև այն ծնողներին, որոնց երեխաները, պայմանավորված արտակարգ դրությամբ, չեն կարող հաճախել կրթական հաստատություններ և մանկապարտեզներ:

Վարձատրության մասով նախատեսվում են հետևյալ կարգավորումները. «Եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի, կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվելու է առնվազն փաստացի աշխատած ժամանակին համապատասխան: Եթե հանրակրթական արձակուրդներով պայմանավորված աշխատողը չի կարողանում ներկա լինել աշխատանքի, կամ ուշացած է ներկայանում, այս դեպքում նախարարությունն առաջարկում է, որ եթե ուշացումները մինչև երկու ժամ են, աշխատողը վարձատրվի ամբողջությամբ, եթե երկու ժամից ավելի լինի, կվարձատրվի աշխատած ժամանակին համապատասխան. խոսքը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

3748 | 0
Facebook