Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք հավերժորեն վատ վիճակում ենք, որովհետև ատում ենք լսել դառը ճշմարտությունը». Հայկ Մարտիրոսյան

00:10, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Մենք հավերժորեն վատ վիճակում ենք, որովհետև ատում ենք լսել դառը ճշմարտությունը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ԱՄՆ-ից տեսակապի միջոցով վերլուծություն է կատարել կորոնավիրուսի և դրա դեմ պայքարում ՀՀ կառավարության կատարած քայլերի վերաբերյալ:
     Ըստ քաղաքագետի՝ իշխանություններն ամեն առիթով փորձում են նսեմացնել վարակի վտանգավորությունը և արտակարգ դրության պայմաններում իրագործում են կիսատ-պռատ, լիբերալ քայլեր: Հայաստանյան բժիշկները, ներառյալ վարակաբանները, չունեն այլ աղբյուր և գիտելիք կորոնավիրուսի մասին, քան այն տեղեկատվությունը, որը տեսականորեն հայտնի է բոլորիս: Հայ մասնագետները նախընտրում են ցածրակարգ, մերձավոր արտասահմանի աղբյուրներ:
     Հ. Մարտիրոսյանն այն կարծիքը հայտնեց, որ ՀՀ-ն կորցրեց այն գերարժեքավոր ժամանակահատվածը, որն ուներ մինչ համաճարակը՝ օգտագործելու գալիք իրավիճակը վերահսկելու համար: ՀՀ կառավարությունը Ս. Սարգսյանի ժամանակների ժառանգորդն է այն իմաստով, որ երբևէ նախաձեռնող ու կանխարգելող չի եղել, մշտապես գործել է արձագանքման ռեժիմում: Կառավարությունը ցուցաբերեց բացառիկ անգործություն, որն արտացոլվեց կառավարության արտակարգ նիստի ժամանակ:
     Դեռ համաճարակի շեմին ՀՀ վարչապետը հայտարարեց, թե «տնտեսական դինամիկան չկորցնելու համար միջոցներ պետք է ձեռնարկել»:
     «Իլյուզիաների տա՞կ է վարչապետը, ողջ աշխարհի տնտեսագետները պնդում են, որ ամենայն հավանականությամբ, համաշխարհային հզոր ռեցեսիա է սկսվում, որ կարող է վերածվել համաշխարհային դեպրեսիայի, իսկ ՀՀ-ում կարծում են, որ ոչ միայն հնարավոր է դիմակայել ռեցեսիային, այլև ըստ վարչապետի՝ պահպանել տնտեսական դինամիկան: Սա ցույց է տալիս, որ չկա համարժեք մոտեցում: Ոչ ադեկվատ պատկերացումների արտահայտություն էր նաև «թու, թու, թու կորոնավիրուս ՀՀ-ում դեռ չկա»-ն:
     Եթե համեմատում ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլ ղեկավարների ելույթները, դրանք բոլորը տագնապի ահազանգ էին, աշխարհում այլ մոտեցում էր, ՀՀ-ում՝ բոլորովին այլ: Եվ այդ ամենն ընթանում էր «այո»-ի քարոզարշավի ֆոնին, երբ վարչապետը համբուրվում էր, գրկախառնվում, ձեռքսեղմումների դրվագներ ունենում, նաև ուտում հայրենակիցների հետ: Եվ միայն Վայքի դրվագից հետո վարչապետը թեսթ անցավ, ի դեպ՝ դառնալով աշխարհում միակ ղեկավարը, որը 2 անգամ թեսթ անցավ:
     «Մենք հավերժորեն վատ վիճակում ենք և չենք կարողանում ուղղել մոր ողնաշարը, որովհետև երբեք չենք ցանկանում տեսնել վատը, ատում ենք լսել դառը ճշմարտությունը»,-նկատեց Հ. Մարտիրոսյանը:
     Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանում խուճապի հանդեպ խորրդային պատկերացումները չեն փոխվել:
     «Այսօր էլ ՀՀ իշխանավորների առաջին պատականությունը ամեն գնով խուճապ ցույց չտալն է: Եվ ՀՀ-ն դառնում է միակ երկիրը, որտեղ խուճապ թույլ չտալու համար արտակարգ դրության մասին փաստաթղթում ներառվում է մի գլուխ, որտեղ, ըստ էության, սահմանափակվում է ազատ խոսքի և տեղեկատվության իրավունքը»,- նշել է քաղաքագետը:
     «Միայն Հայաստանում է, որ արտասահմանյան բացասական հեռանկարներ պատկերող զգուշացումներն օտար լեզուներով նորմալ են ընդունվում և անգամ հեղինակություն վայելում, բայց բառացիորեն նույն բառերը հայերենով համարվում են նեգատիվիզմի բացառիկ նմուշներ: Խնդիրը հայերի մենթալիտետի մեջ է:
     «Մենք անկարող ենք դառը ճշմարտություններ ընկալել: Մենք սարսափում ենք դրանցից և քարկոծում զգուշացնողներին, հնարավոր վտանգից դեղատոմս առաջարկողներին»:
     Քաղաքագետը հարկ է համարել նկատել, որ իր ընդդիմությունն ու քննադատությունը մշտապես եղել են մասնագիտական շրջանակներում:

«Մենք հավերժորեն վատ վիճակում ենք, որովհետև ատում ենք լսել դառը ճշմարտությունը». Հայկ Մարտիրոսյան
| | |
4587 | 1
Facebook
COMMENT.am