Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Ձեռնպահ մնացեք խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից». Սասնա ծռեր

16:10, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
«Ձեռնպահ մնացեք խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից». Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Արտակարգ իրավիճակի հրամայականը՝ ձևավորել գիտակից, իրավատեր և պատասխանատու քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը:

Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում:

Ողջունում և տեղին ենք համարում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումների ընդունումը:

Միևնույն ժամանակ՝ միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը, որ նախատեսվում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի լրացմամբ, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն դրանցից միայն եզակիներն են (այն էլ՝ ներկայումս բռնապետական կամ անցյալում ամբողջատիրական) նախատեսել խոսքի ազատության սահմանափակումներ:

Մեր պարագայում, երբ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ բռնապետական անցյալի իներցիան, անցյալից մնացած կադրերի կառավարման ներքո գտնվող ուժային համակարգը շատ արագ կերպով կարող է վերադառնալ իրեն հոգեհարազատ մեթոդներին և միջոցներին՝ չեղարկելով արդեն ձեռք բերված քաղաքացիական ազատությունների նվաճումները, ինչն էլ ավելի կխորացնի ճգնաժամը:

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի իրապես կենսական պրոբլեմներ լուծելու համար:

Համոզված ենք, որ հազարամյակների ճանապարհ ու փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդն ունակ է դրսևորելու գիտակից և պատասխանատու վարքագիծ:
     Այդուհանդերձ, եթե լինեն նպատակաուղղված ապատեղեկացման փորձեր, ապա դրանք շատ հեշտությամբ կարող են խափանվել իշխանության ճշմարտացի և ամբողջական տեղեկատվությամբ՝ քաղաքացիների գործուն աջակցությամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը»:

| | |
1754 | 0
Facebook
COMMENT.am