Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել

14:45, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:

Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը, գրում է aliq.ge-ն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

10860 | 0
Facebook