Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն ինչ պետք է անենք, որ ընդունելության քննությունների հնարավոր հետաձգումները կարճ լինեն». ԿԳՄՍ նախարար

14:20, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Ամեն ինչ պետք է անենք, որ ընդունելության քննությունների հնարավոր հետաձգումները կարճ լինեն». ԿԳՄՍ նախարար

«Եթե մենք կոնկրետ օրինակներ ունենանք, կարձագանքենք դրանց, և ռեկտորների միջոցով կփորձենք այդ հարցը լուծել». մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն դիտարկմանն ի պատասխան, որ որոշ բուհերի ուսանողներ, մասնավորապես ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները գրադարանից օգտվելու դժվարություններ են ունենում, իսկ դասախոսները նրանց չեն ընդառաջում:

Նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ լրագրողների հետ հանդիպման թեման հեռավար ուսուցումն էր: Ըստ Ա. Հարությունյանի՝ հեռավար ուսուցման առումով բուհերում խնդիր չկա: Ինչ վերաբերում է հանրակրթական հաստատություններին, ապա այստեղ մանկավարժներն ու ծնողները պետք է աջակից լինեն՝ ըստ էության փորձնական համակարգը կայացնելու համար: Խնդիրն այն է, որ նախարարությունը նախատեսել էր համակարգը ներդնել այս տարեվերջին, սակայն արտակարգ դրությունը սրբագրումներ մտցրեց ծրագրում:
     «Սա միանգամայն այլ մակարդակի է բարձրացնելու մեր ուսումնական գործընթացները»,- հայտարարեց Ա. Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքում ստեղծվել է heravar.armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրերի վերաբերյալ տվյալներ են հավաքվում, իսկ ԿՏԱԿ-ի միջոցով իրականացվելու է ծրագրերի և վերապատրաստման մշակում:
     Նախարարությունն ունենալու է նաև յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր նյութերը:
     Ուսումնական տարվա և ընդունելության քննությունների ժամկետների հետաձգման հնարավորության մասին նախարարը նշեց, որ դա կախված կլինի նրանից. թե հեռավար ուսուցումը որքանով է մեծածավալ:
     «Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հետաձգումները, եթե լինեն, հնարավորին կարճ լինեն»,- նշեց Ա. Հարությունյանը: Նա նկատեց նաև, որ արտակարգ այս իրավիճակում նախարարությունը շատ ուղիղ կարող է ցույց տալ, որ բջջային հեռախոսները կրթական գործընթացի անմիջական մաս կարող են լինել:
     Փոխնախարար Անդրեասյանն էլ հավելեց, որ ուսուցման հարցում դժվարություններ չեն ունենա հաշմանդամություն ունեցող սովորողները, որովհետև հեռավար ուսուցման ձևը տեխնիկական մեծ հնարավորություններ է ապահովում:
     Ա. Հարությունյանը հայտնեց նաև, որ մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ առաջիկայում կախտահանեն դպրոցները:

10543 | 0
Facebook