Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ». Մաքսիմ Վենգերով

09:05, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
«Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ». Մաքսիմ Վենգերով

Մարտի սկզբին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ է ունեցել Իսրայելում։ Համերգներից մեկում նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր‚ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի ռեզիդենտ մենակատարն է։ Իսրայելյան ելույթը Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 10-րդ համատեղ համերգն էր վերջին 4 ամիսների ընթացքում։

Համերգին‚ որի ընթացքում հնչեցին Բախի‚ Բրուխի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործություններից‚ ներկա էին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վարժարանի սաները։

Մաքսիմ Վենգերովը նշել է, որ իր համար հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Դիրիժորն անհրաժեշտ է ոչ միայն երաժիշտների կատարումները մեկտեղելու համար‚ այլև երևան բերելու սեփական գեղարվեստական ընկալումները և ամենակարևորը՝ երաժշտական հնչողության իր պատկերացումները։ Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ մենք շատ սերտորեն ենք կապված միմյանց հետ: Ամեն համատեղ համերգով մեր կապն ավելի է ամրապնդվում։ Վերջերս մենք ունեցանք 8-9 ելույթ Հայաստանում, Եվրոպայում և այժմ՝ Իսրայելում»‚- ասել է Մաքսիմ Վենգերովը։

5626 | 0
Facebook