Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

09:40, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ.
     «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։

Հասարակական բուռն քննարկումների և դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:

Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։

2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018թ-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ: Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը: Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

Ընտրական հանձնաժողովներում սյսօր «ՈՉ»-ի ճամբարում միավորված և ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝ 2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից:

Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»։

8543 | 2
Facebook