Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծանր հանցագործության համար հետախուզվողն ավտոմատից կրակել է իրավապահների ուղղությամբ

19:30, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Ծանր հանցագործության համար հետախուզվողն ավտոմատից կրակել է իրավապահների ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանությունը տվյալներ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ինքնաձիգը, որն այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն առգրավում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող անձը 27-ամյա Նարեկ Պոտրոսյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փետրվարի 26-ին Երևանում տեղի էր ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել էին վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին: Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի, հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել էր փախուստի: Նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

8302 | 0
Facebook