«Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել միջազգային հանրության հետ շփումներում». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «32 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում, Բաքվից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով իրականացրեցին տեղի հայ ազգաբնակչության կոտորած, ցեղասպանություն և զանգվածային տեղահանություն։ Երեք օր շարունակված կոտորածների արդյունքում, տարբեր գնահատականներով, սպանվել են մի քանի հարյուրից մինչև հազարից ավելի հայեր, վիրավորվել ու խոշտանգվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ, իսկ Սումգայիթի 18 հազար բնակիչներ այդ իրադարձություններից հետո դարձել են փախստականներ՝ մազապուրծ լինելով կոտորածներ իրականացնող ադրբեջանական պետական մեքենայից։ Միայն փետրվարի 29-ին իրավիճակը հանդարտեցնելու նպատակով խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ։ Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել հատկապես միջազգային հանրության հետ շփումներում՝ այն ներկայացնելով որպես ապացույց, որ արցախահայերը որևէ կարգավիճակով, որևէ պարագայում չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։ |