Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեք կարծո՞ւմ՝ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում». Գևորգ Գրիգորյան

13:00, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
«Չեք կարծո՞ւմ՝ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին:
     Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը...
     Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքն ապրում է յուրովի, քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս ամենը գրեթե ամեն օր:
     Առողջապահության ոլորտի՝ նախարարի և իր թիմակիցների կողմից արհեստականորեն ստեղծվող այս խառնաշփոթը ձեռնտու է միայն նախարարին և իր թիմակիցներին, քանզի խառնաշփոթի մեջ նրանք կարողանում են թաքցնել սեփական ապիկարությունը:
     Առողջապահության նախարարի թիմն արդեն նույնիսկ չունի համախոհներ բժիշկների շրջանում և դրանով է պայմանավորված, որ այս կամ այն պաշտոններին, կլինի դա փոխնախարար թե հիվանդանոցի տնօրեն, նախարարը նշանակում է ՊԵԿ տեսուչներ՝ պատճառաբանելով դա նրանով, որ իրենք ընդամենն «ադմինիստրատիվ աշխատող» են:
     Ոլորտում հաստատվում է բռնապետություն: Բժիշկների նկատմամբ կիրառվում են ռեպրեսիաներ՝ ընդհուպ մինչև ոստիկանության ներգրավում: Նման երևույթ չի եղել երբևիցե:
     Նախարարությունը քողարկում է իրենց տապալված ծրագրերի մասին տեղեկատվությունը... նախարարությունը վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը: Չե՞ք կարծում, որ խիստ տարօրինակ է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի առկայության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման և բուժման հիմնական դերակատար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը լռում են, այնինչ կան բազմաթիվ հոսպիտալացված մարդիկ «կորոնավիրուսի» կասկածով: Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի նկարահանումները:

Այ սա է խուճապ առաջացնում՝ փակ աշխատանքը: Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի թեման ցրի... Ճիշտ է՝ «զբաղմունք» է հորինում «ժողովրդի» համար, որպեսզի շեղի ուշադրությունը՝ աշխատանքից ապօրինի հրամանով ազատում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենին և ողջ լրատվական դաշտի ու մասնագիտական հանրության ուշադրությունը ֆիքսվում է այդ փաստի վրա և մի պարզ հարց մնում է անպատասխան՝ ինչպե՞ս է պատահում, որ Իրանում և Վրաստանում, որտեղ ամեն օր մեր քաղաքացիների ելումուտն է լինում, առկա են «կորոնավիրուսով» հիվանդներ, իսկ մեզ մոտ, որտեղ սահմաններն ուշ փակվեցին և որտեղ բժշկական դիմակները «Առողջապահության նախարարի» գնով են վաճառում՝ «կորոնավիրուս» չկա:

Հարգելի ընկերներ, կոլեգաներ, հետևորդներ, մեզ վրա է մնալու տապալված առողջապահական համակարգի վերակենդանացման ամբողջ բեռը... Համախմբումը անխուսափելի է... Օր առաջ պետք է համախմբվել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել երկրի առողջապահական ոլորտում տեղի ունեցող ապօրինություններին և անարդարություններին»:

10987 | 1
Facebook