Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է». Արման Բաբաջանյան

17:05, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
«Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչպես պետք է խորհրդարանն արձագանքի համաճարակին

Աշխարհում մահաբեր կորոնավիրուսի տարածման ծավալներն առավել քան մտահոգիչ են։ Եթե օրեր առաջ այդ սպառնալիքը թվում էր մեզանից շատ հեռու, և մենք ընդամենը հետևում էինք միջազգային լրահոսին, ապա այսօր կորոնավիրուսը հասել է ընդհուպ մեր սահմանին. աշխարհում մահացությունների թվով երկրորդ երկիրը մեր հարևան Իրանն է, որի հետ հարկադրված էինք ժամանակավորապես սահմանափակել օդային ու ցամաքային հաղորդակցությունը։

Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել մեր մյուս հարևան Վրաստանում։ Վարակի երեք դեպք է արձանագրվել Ռուսաստանում, որտեղ ունենք աշխարհում ամենամեծ համայնքը։ Ստույգ տեղեկություններ չկան, բայց մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի դեպքեր կարող են արձանագրված լինել մեր մյուս հարևան երկրում՝ Թուրքիայում։

Այսինքն՝ համաճարակի հետ կապված Հայաստանի շուրջ օղակը, ցավոք, գնալով սեղմվում է։ Բացառված չէ, որ ապագայում մենք ստիպված լինենք կրկին սահմանափակումներ մտցնել հարևանների հետ հաղորդակցության հարցում՝ հայտնվելով ընդհուպ ամբողջական մեկուսացման մեջ։ Ակնհայտ է, որ խնդիրն արդեն իսկ ստանում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճան։ Իսկ դա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն ու հասարակություն, պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին։ Այս պահին Առողջապահության նախարարությունը, պատկան մյուս մարմինները կատարում են իրավիճակին համարժեք, կանխարգելիչ միջոցառումներ։ Բայց վտանգի ավելի սաստկացման դեպքում ստանդարտ քայլերը կարող են բավարար չլինել։ Ակնհայտ է, որ խնդիրն այլևս միայն Առողջապահության նախարարության ու մնացած տեսչական մարմինների դաշտում չէ, խնդիրն այլևս պետք է վերաբերի ողջ պետական կառավարման համակարգին։

Երկրի ու հասարակության անվտանգությանը վերաբերող այս խնդրի լուծման գործում պետք է ներգրավվի նաև խորհրդարանը՝ որևէ ձևաչափով աշխատանքային խումբ ստեղծելով։ Դա հնարավորություն կտա մի կողմից՝ վերահսկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցում գործադիրի աշխատանքը, մյուս կողմից՝ աջակցել նույն գործադիրին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր գաղափարներով, նոր լուծումներով ու առաջարկություններով։ Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում կորոնավիրուսի խնդիրն արդեն իսկ դարձել է քննարկման առարկա, մի շարք պետություններում օրենսդիրը գործադիրին այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կատարելու որոշումներ է կայացրել։ Մենք ևս ամեն օր կարող ենք բախվել այդ անհրաժեշտությանը։ Հետևաբար, անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել խորհրդարանական համապատասխան աշխատանքային խումբ և պատրաստ լինել իրադարձություններին օպերատիվ արձագանքելու հրամայականին՝ կախված դեպքերի զարգացման ընթացքից։

Հանրության առողջության պաշտպանությունը պետության առաջնային գործառույթներից ու պարտականություններից մեկն է։ Դրա ապահովման գործին պետք է մասնակից դառնան հանրային կառավարման բոլոր ենթահամակարգերը, այդ թվում՝ նաև օրենսդիր իշխանությունը։ Անթույլատրելի է ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը միայն Առողջապահության նախարարությանը թողնելու մոտեցումը։ Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է, որի լուծմանը պետք է մասնակցենք բոլորս՝ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում»։

6992 | 0
Facebook