Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարկային ծուղակ. գիշերային վարկեր, ոչ պատշաճ տեղեկացվածություն». Մանե Թանդիլյան

11:05, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
«Վարկային ծուղակ. գիշերային վարկեր, ոչ պատշաճ տեղեկացվածություն». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարկային ծուղակ. գիշերային վարկեր, ոչ պատշաճ տեղեկացվածություն

Ինչպես գիտեք, վարկային տոկոսների բարձր լինելու «գործում» մեծ դեր ունեն ժամկետանց և անհուսալի վարկերը, որոնք վարկառուների համար ֆինանսական միջոցները դարձնում են ավելի թանկ: Վարկային գործարքներն իրականացնելիս մարդիկ պետք է կայացնեն գիտակցված որոշում, ռեալ գնահատեն իրենց հնարավորությունները: Դա հնարավոր է անել սթափ վիճակում՝ բոլոր առումերով, և բավականաչափ իրազեկված լինելու պարագայում:

Շատ են դժգոհությունները, երբ քաղաքացիները վարկ են վերցնում գիշերային ժամերին՝ լինելով էմոցիոնալ բարդ վիճակում՝ ֆինանսական խնդիրներն արագ լուծելու անհրաժեշտությամբ: Հաճախ են դեպքերը, երբ վարկերի արագ ստացումը կապվում է անհետաձգելի բուժօգնության հետ: Հարկ ենք համարում տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ Է, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ (տեղեկատվական հղում՝ https://www.facebook.com/watch/?v=1047666692284708). հիվանդանոցը չի կարող պարտադրել վճարել դրա դիմաց և քաղաքացին կարիք չունի այդ ծախսը հոգալու նպատակով էմոցիոնալ ծանր վիճակում վարկ վերցնելու որոշում կայացնել:
     Հետևաբար, գիշերային ժամերին վարկերի ստացումն այլ դեպքերում հաճախ իրականացվում է ոչ սթափ վիճակում, որն ուղեկցվում է նաև գիշերային ժամերին խաղադրույքներ կատարելու, մոլախաղերով տարվելու մոլուցքով: Արդյունքում, գիշերային ժամերին արագ գումարի հասանելիությունը, հետագայում ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ ակնհայտ է, որ չկա դրա ստացման հրատապության հիմնավորումը:

- Առաջարկելու ենք օրենքը լրացնել նոր կարգավորումով, համաձայն որի կարգելվի վարկային պայմանագրի կնքումը (այդ թվում՝ օնլայն տարբերակով վարկի հաստատումը) ժամը 22:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

Քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումներում բարձրաձայնվում է նաև սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքի ոչ պատշաճ տեղեկացումը. մասնավորապես՝ շատ հաճախ այդ մասին նշումը պայմանագրում ոչ տեսանելի հատվածում է: Արդյունքում, քաղաքացիները միայն վարկ ստանալուց հետո են տեղեկանում բարձր տոկոսներով վարկերի առկայության մասին: Թեև իրավական տեսանկյունից պայմանագիրը համարվում է պատշաճ ստորագրված, սակայն առկա է անհրաժեշտություն այս ուղղություն խստացնել կարգավորումը (Եղեգնաձորում ընդունելության ժամանակ՝ հարգելի քաղաքացու հորդորով):

- Առաջարկելու ենք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել, որով արդյունավետ տոկոսադրույքի սահմանման պահանջն առնվազն պետք է ներառված լինի նաև պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում: Սա հնարավորություն կտա հաճախորդներին ստորագրելու պահին հստակ տեղեկանալ արդյունավետ տոկոսադրույքի չափի մասին և մինչև ստորագրելը կայացնել որոշում նշված տոկոսադրույքով վարկ վերցնելու մասով»:

5690 | 0
Facebook