Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանն անցավ խորհրդակցական սենյակ

15:35, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանն անցավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 25-ի նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմին հնարավորություն տվեց միջնորդությունների վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ: Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին, 2008թ. Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով հարուցված «7-ի գործին» և դրա համատեքստում քրեական հետապնդման դադարեցմանն անդրադարձան պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Էրիկ Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանները Ռ. Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու կռվան ու փաստարկ են ներկայացնում հենց այդ գործը: Մ.Պողոսյանը հիշեցրեց, որ տվյալ գործով որպես մեղադրյալ է ներգավված եղել Նիկոլ Փաշինյանը: Նա հետախուզման մեջ է եղել, սակայն իր բացակայության պայմաններում որոշում է կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել, իսկ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել է: Պաշտպանը նշյալ գործի փաստաթղթերը ներկայացրեց դատարանին:

Այնուհետև դատարանը արտահայտվելու հնարավորություն տվեց մեղադրող կողմի ներկայացուցիչներ, դատախազներ Գևորգ Բաղդասարյանին ու Պետրոս Պետրոսյանին: Վերջինս կրկին պնդեց, որ 2008թ, սահմանադրական կարգը տապալելը եղել է հանցագործություն:

Նիստում խոսեց նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նա անդրադարձավ դատախազների այն պնդմանը, թե իր հրամանագիրը հավաքների սահմանափակման վերաբերյալ հենց սահմանդրական կարգի տապալման օրինակ է:

«Կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում, և բոլոր սահմանափակումները միայն Երևանին էին վերաբերում: Եվ հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ հազարից ավելի համայնք ունեցող երկրում միայն մի համայնքում սահմանափակումները դիտվեն որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում: Դուք արդեն Ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք, ասեք՝ հնարավո՞ր է: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է»:

ՀՀ նախկին նախագահն անդրադարձավ Սեդա Սաֆարյանի՝ նիստում հնչեցված այն հայտարարությանը, թե ոստիկանությունը ենթարկվում էր իրեն: Հիշեցրեց, որ ոստիկանությունն այն ժամանակ կառավարությանն էր ենթարկվում և խորհուրդ տվեց ծանոթանալ իր նախագահության տարիներին գործող սահմանադրական կարգավորումներին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը սրանով սահմանափակվեց, դատավարության կողմերին թույլ չտվեց հայտարարություն անել: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի մարտի 3-ին, ժամը 13-ին:

4058 | 0
Facebook