Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել». Շարմազանով

18:05, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը:

Տեսականորեն անվտանգությունը կարող է ապահովել թեկուզ միջազգային խաղաղապահների կողմից՝ որևէ ձևաչափով, բայց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում այդպես էլ չլինի:

Հետևաբար, Փաշինյանի կողմից անվտանգությունը որպես լուծման անկյունաքար ներկայացնելը սխալ է:

Ի դեպ, 1993թ-ին Չեխոսլովակիայի «թավշյա բաժանման» ժամանակ անվտանգության սպառնալիք չկար ոչ չեխ, ոչ սլովակ ժողովուրդների համար, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, առաջացան երկու անկախ սուբյեկտներ` Չեխիա և Սլովակիա:

Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար անվտանգության սպառնալիքը միակ պարտադիր պայման չի կարող լինել:

Անկախ նրանից, Ադրբեջանը ժողովրդավար է, թե ոչ, երբևէ այդպիսին կդառնա, թե ոչ, անթույլատրելի է Արցախի և Ադրբեջանի նույն քաղաքական տարածքում չլինելը պայմանավորել միայն Ադրբեջանի հակաժողովրդավար էությամբ:

Արցախը ոչ մի դեպքում չպետք է լինի Ադրբեջանի մաս և Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Սրանք են այն սկզբունքները, որոնք Փաշինյանը պետք է ձևակերպեր, բայց այդպես էլ չարեց:

Հ.Գ. Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել: Սա ռեալ-պոլիտիկ է»:

5770 | 5
Facebook