Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանկատան սաների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախագիծ

13:15, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Մանկատան սաների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով պետությունը երեխաների սոցիալական հոգածության ցերեկային, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների (մանկատներ) սաներին կապահովի տրանսպորտի գումարով: Նշենք, որ նախարարության ենթակայությամբ գործում է նման 6 կենտրոն:

Այժմ 200 դրամ է տրամադրվում տրանսպորտից օգտվող շահառուների 50%-ին: Սակայն փաստացի տրանսպորտից օգտվողները, ինչպես նաև տրանսպորտից չօգտվող հաշմանդամություն ունեցողները շահառուների մոտ 80%-ն են: Բացի այդ, շահառուների մոտ 10%-ը կենտրոն հաճախելու համար օգտվում է կրկնակի տրանսպորտից՝ բնակության վայրը այլ համայնքում գտնվելու պատճառով: Երբեմն տրանսպորտի գումար չունենալու պատճառով երեխան կենտրոն չի հաճախում և զրկվում է գնահատված կարիքներին համապատասխան ծառայություններ ստանալու հնարավորությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Ուստի՝ առաջարկվում է շահառուների ճանապարհածախսը հոգալ համաձայն վերոնշյալ չափորոշիչների.

1) շահառուներին առձեռն տրամադրել ամենօրյա կամ քարտային՝ շաբաթական երկկողմանի ճանապարհածախս՝ փոխհատուցման հիմքով:

2) երկկողմանի ճանապարհածախս տրամադրել մինչև 7 տարեկան շահառու երեխաներին, ելնելով այն հանգամանքից, որ նրանք կազմակերպություն են հաճախում անձի ուղեկցությամբ:

3) երկկողմանի ճանապարհածախս տրամադրել այն շահառուներին, ովքեր բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ:

4) երկկողմանի ճանապարհածախս տրամադրել հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից:

5) այլ համայնքից կազմակերպություն հաճախող երեխային տրամադրել կրկնակի ճանապարհածախս, տվյալ պարագայում հաճախ երեխան օգտվում է նաև մեկից ավելի տրանսպորտից:

6) ճանապարհածախս տրամադրել վերոնշյալ չափորոշիչներին բավարարող և սոցիալապես անապահով բոլոր շահառուներին, քանի որ 50 տոկոսի սահմանափակումը առաջ է բերում հայեցողական որոշումների մեծ ծավալ, ըստ որի նույն բնակավայրից հաճախող ոչ բոլոր երեխաների ճանապարհածախսն է փոխհատուցվում, ինչպես նաև նույն ընտանիքի շահառու երեխաներից միայն մեկին է տրամադրվում գումար՝ առանց որևէ չափորոշիչի:

7) արտաբյուջետային միջոցների հաշվին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (պետական մանկատների) շահառուների հրատապ և անհապաղ բավարարման կարիքները հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով իրականացնել կանխիկ շրջանառության գործարքներ՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ:

3837 | 0
Facebook