Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին

14:15, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին

Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:
     Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացումը և 2016-2020թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատումը:

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը:

Հիշեցնենք, որ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ կայքից:

3168 | 0
Facebook