Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.

Հարցազրույցներ

Ինչո՞ւ սպաները չեն խառնվում զինվորների միջանձնային հարաբերություններին. մեկնաբանում է Գորգիսյանը

22:55, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Ինչո՞ւ սպաները չեն խառնվում զինվորների միջանձնային հարաբերություններին. մեկնաբանում է Գորգիսյանը

«Այսօր ԱԺ-ում փակ քննարկման ընթացքում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բավականին անկեղծ էր, ծավալվեց խորքային քննարկում բանակում առկա խնդիրների վերաբերյալ, բայց ինձ մտահոգում է այն փաստը, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ այդպես էլ մշակված քայլեր ես չտեսա»,- 168 TV–ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին՝ Գորգիսյանը նշել է, որ, եթե նախկինում զինվորները շատ հաճախ չէին կարողանում բարձրաձայնել իրենց խնդիրները, և կար սպայական կազմի ինչ-որ տեղ նաև ամենաթողություն, ապա հիմա վիճակը ճիշտ հակառակն է՝ զինվորներն սկսել են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, իսկ սպաները մնացել են անպաշտպան, և դա պատճառ է դառնում, որ հաճախ նրանք չեն ցանկանում խառնվել զինվորների միջանձնային հարաբերություններին։

Նա նշել է, որ ԳՇ պետի հետ այսօր կայացած քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, և եկել են այն եզրահանգման, որ քանի դեռ հասարակության մեջ առկա է անհանդուրժողականություն, սևերի և սպիտակների բաժանում, հեռուստատեսությամբ էլ չի դադարում նման բարքերի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումը, անհնար է խոսել այդ ենթամշակույթի դեմ հաջողված պայքարի մասին, քանի որ բանակը հասարակության խտացված արտացոլումն է։

«Կառավարության միակ հաջողությունը, թերևս, նոր սննդակարգի ներդրումն է, բայց դա ամենակարևոր հարցը չէ։ Մենք խնդիր ունենք ավելի լուրջ մասնագետների ներգրավման, որպեսզի կարողանանք մարտահրավերներին դիմակայել: Բայց ես տեսնում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունն իր էներգիան ծախսում է 15-րդ-ական հարցերի և ոչ կարևորագույն մարտահրավերների լուծումները գտնելու վրա։ Օրինակ՝ բանակում խնդիրներ ունենք, բայց հենց հիմա քաղաքական մեծամասնությունը զբաղված է հանրաքվեով, ավելի վաղ զբաղված էր այլ օրենքով, դրանից շատ ավելի վաղ էլ՝ մեկ ամբաստանյալի հարցով»,- ասել է Գորգիսյանը։

Խոսլեով մեկ այլ՝ հանրային դժգոհության առիթ դարձած մամուլի հրապարակումներից մեկից, որտեղ խոսվում էր այն մասին, որ Արցախում զինվորներ են մահանում, և բոլոր մահացածներն էլ հայաստանցիներ են, Գևորգ Գորգիսյանն ասաց.

«Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ անելիք ունի, և այս սադրանքի նման փորձերը պետք է արմատախիլ անել հենց արմատում։ Խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց սա այդ դեպքը չէ, սա կոնկրետ ուղղորդված քարոզչություն է Հայաստանի անվտանգության դեմ, և նման քարոզչությունները պետք է պատժվեն»։

Մանրամասները` տեսանյութում:

Ինչո՞ւ սպաները չեն խառնվում զինվորների միջանձնային հարաբերություններին. մեկնաբանում է Գորգիսյանը
| | |
2056 | 0
Facebook
COMMENT.am