Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը

23:40, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը

Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե միջազգային մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը:

Ալիևին արձագանքելով՝ ՀՀ վարչապետն ասել էր. «Որն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, դադարեցնել բռնությունն ու ռազմական գործողությունները: Եթե նայենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները:

...Այո, շատ կոնկրետ բան կա, որ միջազգային հանրությունը կարող է անել: Հստակորեն հայտնել, ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, միջազգային հանրությունը պետք է հստակ և միանշանակ կերպով դա շեշտի և ասի: Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխաներ, որ այդ պարագայում ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է: Ես սակայն կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր: Եվ մեր պարտականությունը, մեր պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումն ունենալ գլոբալ, համաշխարհային անվտանգության մեջ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են դրան»,- շեշտել էր ՀՀ վարչապետը:

11762 | 1
Facebook