Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

21:40, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր օրակարգի գլխավոր հարցը մեր տնտեսական կապերի զարգացումն ու ակտիվացումն է, մեր բիզնես շրջանակների միջև հանդիպումների կազմակերպումը, նրանց խթանելը, մղելը, որպեսզի Հայաստանի և Մոլդովայի միջև ապրանքաշրջանառության ակտիվացման հնարավորություններ գտնեն»:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր խոսքում նշել է.

«ԵԱՏՄ-ն մեզ համար առաջնահերթություն է, այս տարի առաջին անգամ նաև մեր վարչապետն է մասնակցել այդ նիստին, մինչ այդ միայն նախագահն էր մասնակցում։ Ցանկանում եմ նշել, որ մեր երկկողմ օրակարգը շատ ակտիվ է, բայց ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական արդյունքները չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա հնարավորություններին։ Այս տարի, եթե չեմ սխալվում, այդ ծավալը 3.5-4 մլն եվրո է, և դա այն ծավալը չէ, որի մասին կարելի է խոսել որպես դրական դինամիկա։ Լիահույս եմ, որ այս տարի կկարողանանք նոր ազդակ հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին։

Փետրվարի 24-25-ը Մոլդովայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Կարծում եմ, որ այս միջոցառումները՝ մեր խորհրդարանի խոսնակի այցը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, Ձեր պաշտոնական այցը, ընդ որում՝ կարծում եմ, որ Ձեր պաշտոնական այցի շրջանակում կարող ենք նաև գործարար համաժողով կազմակերպել, նոր ազդակ կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին»։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնն անդրադարձել են հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին և նշել, որ նիստում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնք կքննարկվեն վարչապետի՝ Մոլդովա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։ Այցը նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակում։

Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ
| | |
826 | 0
Facebook