Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Մյունխենում մեկնարկել է անվտանգության համաժողովը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

19:15, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Մյունխենում մեկնարկել է անվտանգության համաժողովը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Մյունխենից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը ժամանել է «Bayerischer Hof» հյուրանոց, որտեղ հավաքվել են համաշխարհային առաջնորդները:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրոմիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:
     Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
     Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։

| | |
1197 | 0
Facebook