Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Պետք չէ ամեն անգամ մեղադրել սպայական կազմին ու թուլացնել բանակը». Կարեն Հովհաննիսյան

21:20, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Պետք չէ ամեն անգամ մեղադրել սպայական կազմին ու թուլացնել բանակը». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուզականությունս մի փոքր հանդարտվել է, և փորձեմ ևս մեկ անգամ անդրադառնալ այսօրվա ցավալի դեպքին:
     Զորամասում և ոչ մի սպա չի ուզի, որ իր հրամանատարության տակ գտնվող, հետևապես իր պատասխանատվության տակ գտնվող զինվորի մազը ծռվի: Այդ սպան իր ծառայությունից ակնկալիքներ ունի՝ զինվորական կոչումի բարձրացում, պաշտոնի բարձրացում, որն ուղիղ կապ ունի իր ծառայության դրական կամ բացասական պատմության հետ: Մեր բանակում այսօր սպաները, թերևս, ամենաանպաշտպանն են: Կարող են նրանց մեղադրել զինվորի նկատմամբ խիստ լինելու մեջ, գողանալու մեջ, թալանելու մեջ, անպատասխանատու լինելու մեջ, բայց իրականությունը բոլորվին այլ է: Սպան պատասխանատու է զինվորի կյանքի համար, առողջության համար, պատասխանատու է զենք զինամթերքի համար, թանկարժեք նյութատեխնիկական սարքավորումների համար, իրեն վստահված մարտական դիրքի համար, ինչպես նաև բացի ծառայողական պարտականություններից, ունի աշխատանքային պարտականություններ: Ես չեմ ժխտում, որ բանակում կան անպատիվ սպաներ, բայց որպես կանոն, դրանք երկար չեն մնում, զեկուցագիր են գրում և հեռանում են:
     Շարքային կազմի միջանձնային հարաբերությունները բերել և կապել բացառապես սպայական կազմի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակային կյանքից բացառապես անտեղյակ լինել: Սպան չի կարող օրը 24 ժամ, շաբաթը 7 օր լինել շարքայինի կողքը, ինչպես նաև հնարավոր չէ ամեն զինվորին մեկ սպա կցել, որպեսզի վերահսկի զինվորի ամեն մի քայլը: Երբ «քուն» հրաման է տրվում, և ամբողջ զորամասի տարածքում լռություն է, ոչ մի սպա չի կարող ենթադրել իր տանը, իր հանգստի ժամին, որ զորանոցում մի քանի շարքային ծածուկ դուրս են եկել միջանձնային հարաբերություն պարզելու: Սա բազմաթիվ օրինակներից մեկն էր ընդամենը:
     Պետք չէ ամեն անգամ մեղադրել սպայական կազմին ու թուլացնել բանակը, մեղադրելով հարց չի լուծվի: Մեր բանակին հարկավոր է համակարգային փոփոխություն, հարկարվոր է պարտավորությունների վերաբաշխում, սերժանտական ինստիտուտի ուժեղացում, սպա-զինվոր հարաբերության մեջ զինվորի գիտակցության մեջ պետք է մտնի, որ սպան «շախ» չի, ու իր խնդրի մասին սպային զեկուցելը «գործ տալ» չի... Շատ բան կա, բայց չեմ կարող բաց խոսել, գրել: Պետք չէ, տանը նստած, առանց իմանալու՝ բանակում առկա մութ կողմերը որտեղ են, քարը նետել բոլորովին այլ ուղղության վրա ու վնասել այն, ինչը գոնե դեռ վնասված չէ...»:

| | |
1980 | 0
Facebook