Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք

17:00, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, փորձաքննություններ կատարելիս ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով, նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար, վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են: Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ խմբի կողմից կատարած այլ հանցադեպերը, հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք
| | |
1803 | 0
Facebook
COMMENT.am