Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն մերժեց ԲՀԿ-ի՝ թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը պետական հատվածին վերապահելու նախագիծը

12:00, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
ԱԺ-ն մերժեց ԲՀԿ-ի՝ թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը պետական հատվածին վերապահելու նախագիծը

ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԲՀԿ-ն առաջարկում էր փոփոխություն կատարել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում. այն է՝ թանկարժեք մետաղների հարգորոշումն ու հարգադրոշմումը վերապահել պետությանը՝ ներկայիս արտոնագրված կազմակերպությունների փոխարեն: «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը վտանգ տեսավ դրանում: Ըստ նրա՝ ՀՀ-ում ոսկերչությունը զարգանում է, խնդիր է դրվել ոլորտը զարգացնել, վերջին մի քանի տարիներին արտահանման աճ է նկատվել, ուստի՝ պետականացումը կխոչընդոտի արտահանման աճին և զբոսաշրջության զարգացմանը:

«Բոլոր այն երկրներում, որտեղ ոսկերչությունը մասնավորի ձեռքում է, բարձրացման բարձր մակարդակի վրա է և հակառակը. եթե պետության ձեռքում է, ցածր է»,- ասաց նա և առաջարկեց ձեռնպահ մնալ օրենքում փոփոխություն անելուց:

Մելքումյանը հիշեցրեց. «Եթե պետությունն իր ձեռքը վերցնի, պետբյուջե 1 միլիարդ դրամից ավելի գումար մուտք կլինի»:

«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը նկատեց, որ իրենք շնորհակալություն են հայտնել ԲՀԿ-ին նախագիծը բերելու համար, նրա համար, որ այս խնդիրը բարձրաձայնվել է, սակայն այն պետք է բաժանել 2 մասի:

«Պետք է հասկանանք՝ խախտումը կատարվում է ոսկու վաճառքի կետերո՞ւմ, թե՞ կատարում են այն 8 ընկերությունները, որոնք ունեն հարգորոշման ու հարգադրոշմման իրավունքը: Եթե վաճառքի կետերում է, ուրեմն՝ այդտեղ այլ խնդիր է: Պարոն Մելքումյանը գտնում է, որ այդտեղ չէ խնդիրը: Եթե խնդիրն այդ 8 կազմակերպությունների մեջ է, և կասկածներ կան, որ միտումնավոր խախտումներ են կատարում, պարոն Մելքումյանի հետ համաձայնության ենք եկել, որ ինքն այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցի էկոնոմիկայի նախարարությանը և նաև մեզ, և մենք փորձենք այդ հարցում հետևողական գտնվել: Իսկ լուծումը՝ ամբողջովին պետականացնել, խնդրահարույց է: Շատ մեծ հարց է՝ պետությունն այդ գործառույթն արդյունավետ կիրականացնի՞, թե՞ ոչ»,- նշեց Բ. Թունյանը:

Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ հարցադրումը սխալ է դրված. խոսքը ոչ թե պետականացման մասին է, այլ պետական վերահսկողության սահմանման:

Ի վերջո, նախագիծն օրակարգում չընդգրկվեց: Կողմ քվեարկեց 48, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:

| | |
1012 | 0
Facebook