Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ. մասնագետներ

10:45, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ. մասնագետներ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացրելով, որ առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում:

Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է:
     «Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում ենք, որ նրան տուն տանեն՝ նա դասասենյակ չի բարձրանում»,- նշում է Խ. Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի բույժքույր Նաիրիա Ջուլֆայանը:
     Օրեր առաջ Երևանի հ. 8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե երեխաներին, թե ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ առաջացնելու ներուժ:
     «Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայություն, այնուհետ նաև լրատվամիջոցներին: Տարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ»,-ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:
     Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետև նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից:
     «Միանշանակ որևէ համաճարակային իրավիճակ չկա: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկա, կան գրիպի մի քանի տեսակներ՝ Ա, Բ, իսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ է, որի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել»,- նշում է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
     Այսօրվա տվյալներով երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները:
     «Գնահատական տալ, որ բոլորը բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետև բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաև ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
     Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները:
     Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար:
     Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաև շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ:
     Եղանք նաև մանկական հիվանդանոցում: Սուր-շնչառական վարակով հիվանդներ ունեն, գրեթե այնքան, որքան ամեն տարվա այս նույն ժամանակահատվածում:
     «Միջին ստանդարտ տեմպերով ընդունում և դուրս ենք գրում երեխաներին: Չեմ կարող ասել, որ հիվանդացության կտրուկ աճ կա»,- ասում է «Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Գևորգ Բոյաջյանը:
     Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն պետք է առաջնահերթորեն դիմել պոլիկլինիկա՝ բժշկի: Կարևոր է նաև գրիպի առկայության դեպքում երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չտանելը:
     Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն:

| | |
1808 | 0
Facebook