Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Հրայր Թովմասյանը եղել է նախկին ռեժիմի այլանդակ դեմքի «մեյքափ անողը»». Հայկ Կոնջորյան

23:45, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Հրայր Թովմասյանը եղել է նախկին ռեժիմի այլանդակ դեմքի «մեյքափ անողը»». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեին. «Շատ կարևոր է, որ մեզնում ժողովրդին դիմելու մշակույթը զարգացնենք։ Դա չափազանց կարևոր է ժողովրդավարության տեսնակյունից։ Այս որոշման ողնաշարը ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածն է, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հիմա ստացվել է մի իրավիճակ, որ ժողովրդի իշխանությունը յուրացվել է և Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր և նախագահ ընտրության մասով տեղի է ունեցել առերևույթ պաշտոնեական կեղծիք։ Իշխանության յուրացում է տեղի ունեցել և ոտնահարվել է Սահմանադրության 2-րդ հոդվածը։ Մենք՝ որպես ԱԺ, պարտավոր ենք քաղաքացիներին վերադարձնել իշխանությունը։ ՍԴ-ն այս կազմով տրոյական ձի է՝ ներդրված հայկական ժողովրդավարության սրտում, և այդ տրոյական ձին գնալով դառնում է սպառնալից»:

Իշխանական թիմը վերջին ժամանակներս անվստահություն է հայտնում միջազգային կառույցներին, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովին: Այս առնչությամբ Կոնջորյանն ասել է. «Իհարկե, չեմ բացառում, որ նախկին ռեժիմի հոգեզավակներ կարող են փորձեր ձեռնարկել միջազգային կառույցների միջանցքներում՝ Գիքորի պես գլխիկոր վատաբանեն այսօրվա իշխանություններին, ստվերելով այն պայծառ կետերը, որոնք այսօր կան, հարվածելով ժողովրդավարության սրտին։ Սա հասկանալով՝ մենք մեր միջազգային գործընկերներին ճիշտ տեղեկատվություն կհաղորդենք, որպեսզի ունենան սինխրոն կարծիք մեր իրողությունների մասին»:

Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ հաջորդ իշխանությունը կարող է գալ և սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործ հարուցել, իշխանության ներկայիս ներկայացուցիչներին էլ կանգնեցնել դատարանի առաջ, Կոնջորյանն ասել է. «Այս ամբողջ պրոցեսի մեջ կան բազմաթիվ կեղծ թեզեր, որոնցից մեկը սա է։ Երբ այս նարատիվը փորձում են կառուցել, ուզում են ասել՝ տեղի է ունեցել ակադեմիական իշխանափոխություն, և ինչ կլինի՝ մեկ այլ իշխանություն գա ու նույն բանը կատարվի։ Հավասարության նշաններ են դրվում, բայց տեղի է ունեցել հեղափոխություն, որից հետո միայն կատարվել է արդար և օրինական ընտրություն, ձևավորվել է իշխանություն։ Գործ ունենք կադրերի հետ, որոնք ծառայել են նախկին ռեժիմի հարատևությանը, կատարելագործվող մեխանիզմի մի մասնիկն են եղել։ ՍԴ այս կազմը տրոյական ձի է ժողովրդավարության սրտում։ Հրայր Թովմասյանը եղել է նախկին ռեժիմի այլանդակ դեմքի «մեյքափ անողը», նա փորձել է այդ այլանդակ դեմքին հաղորդել իրավաբանական գեղեցիկ պերճանք՝ այլանդակությունը հանրությանը վաճառել իբրև գեղեցիկ ժողովրդավարություն։ Հրայր Թովմասյանը մենակ չի եղել․ նախկին ռեժիմի այլանդակ դեմքը հարդարել է «մեյքափ ստուդիո»»:

Մանրամասները` տեսանյութում:

«Հրայր Թովմասյանը եղել է նախկին ռեժիմի այլանդակ դեմքի «մեյքափ անողը»». Հայկ Կոնջորյան
| | |
4896 | 0
Facebook