Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուղապետերը ևս եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան

12:50, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Գյուղապետերը ևս եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 10-ի նիստում քննարկեց ԼՀԿ-ի առաջարկը՝ փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հայտարարագիր ներկայացնելու դրույթում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հայտարարագիր ներկայացնելու ենթակա անձինք համարել համայնքների բոլոր ղեկավարներին: Գործող կարգավորմամբ ՝ հայտարարագիր են ներկայացնում մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները: ՀՀ-ում կա 500 համայնք, որից 19-ի ղեկավարներն են հայտարարագիր ներկայացնում: Ըստ օրինագծի զեկուցող ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ փաստացի ցանկում չի մտնում որևէ գյուղական համայնք: Այսինքն՝ գյուղապետերն ազատված են հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից:

Բուռն քննարկում ծավալվեց օրենքի ուժի մեջ մտնելու, հայտարարագիր ներկայացնելու ժամկետների շուրջ: Հեղինակն առաջարկում է հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանել 2020 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ և հոկտեմբերի 1-ից ոչ ուշ ժամանակահատվածը: Այդ ժամկետը վերաբերում է պաշտոնը նոր ստանձնողներին: Իսկ արդեն պաշտոնավարողները պետք է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներկայացնեն 2019թ հայտարարագիր: «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ ժամկետների հարցը պետք է հստակեցնել, որովհետև գործող համայնքապետերի հարցում կարող են ծագել խնդիրներ՝ այդ թվում նաև քրեական: Ներդրման ժամկետների հարցում մտահոգիչ կետեր նկատեց նաև կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Ըստ նրա՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիարժեք գործունեություն կարելի է ակնկալել այս տարվա հուլիսին, ուստի՝ հայտարարագրերի ձևակերպման հարցում հստակեցման անհրաժեշտություն կա՝ ամրագրել պաշտոնի ստանձնմա՞ն, թե՞ տարեկան հայտարարագիր:

Մ. Թանդիլյանը չառարկեց դիտողություններին, միայն նկատեց, որ իր խնդիրն այն է, որ հայտարարագրումից որևէ մեկը դուրս չմնա: Նախագիծը կլրամշակվի և կքննարկվի հանձնաժողովի հաջորդ նիստում:

| | |
1127 | 0
Facebook