Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Շենգավիթի թաղապետը կանչել է մանկապարտեզների տնօրեններին, ապա՝ ոստիկանների

14:00, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
Շենգավիթի թաղապետը կանչել է մանկապարտեզների տնօրեններին, ապա՝ ոստիկանների

Երկու օր առաջ երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում, գրում է Forrights.am-ը։

«Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները:

Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
     «Թաղապետը մեզ մատյաններով կանչել էր ուրբաթ օրը, ժամը չորսին: Այդ ընթացքում նա, հավանաբար, ոստիկաններ էր հրավիրել, ու ոստիկանները չէին գալիս: Մեզ պահեցին մինչև գիշերվա տասը: 21 մանկապարտեզների տնօրեններիս», - հայտնեց մեզ տնօրեններից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը: Նա ասաց, որ տնօրենները տագնապած են ու վիրավորված:

Հարցին, թե ինչու էր իրենց հրահանգված մատյաններով գալ ժողովի, նա պատասխանեց. «Ասել էր՝ խախտումներ եք անում, բոլորիդ մատյանները բերեք, նայեմ, հարց կա դրանց հետ կապված: Երևի, դա պետք էր, որ բոլորին մի տեղ հավաքի, ոստիկաններն էլ եկան, վերցրեցին մատյանները, արձանագրություն կազմեցին: Ասում էին՝ կասկածում ենք, որ անազնիվ բաներ եք արել»:

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքեց տեղեկությունը, թե ինքն է կանչել ոստիկաններին, սակայն չթաքցրեց, որ եղել է նման հանդիպում: Ահա, ինչպես է ներկայացնում կատարվածը Շենգավիթի թաղապետը:

«Նախ և առաջ, այդ հանդիպումը նախօրոք պլանավորված եղել է, և ուղիղ կապել նրա հետ, որ մենք գրանցամատյաններ ենք իրենցից վերցրել, ճիշտ չի լինի: Որովհետև այդ հանդիպման ընթացքում նոր ի հայտ է եղել, որ հարկավոր է գրանցամատյանները վերցնել, և դա արել է ոստիկանությունը: Այդ ամենը պարզ ասենք, տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի վարչական շենքում: Ոստիկաններն իրենք են եկել ու արձանագրություն են կազմել»:

Իսկ թե ինչու, թաղապետը նշեց. «Կասկածեր կան, որ չարաշահումներ են եղել, և ոստիկանները տարել են մատյանները ստուգումների: Այստեղ արտառոց բան չկա: Եթե պարզվի, որ ոչ մի բան չկա, մենք ուրախ կլինենք, որ երեխաները նորմալ սնունդ են կերել, և մանկապարտեզների տնօրեններն էլ ուրախ կլինեն: Ոչ մի խնդիր չկա»:

Դիտարկմանը, որ տնօրենները վախեցած էին, նա ասել է․ «Դե, կարող է և առաջին անգամն էր, որ ոստիկաններն են միջամտում: Նման բան, որքան հիշում եմ, չէր եղել, և սա կարող էր զարմանալու տեղիք տար: Հանդիպումը տևել է երևի թե երեք ժամ, չեմ բացառում, բայց ժամը տասը միաժամանակ հերքում եմ: Այդ ժամին բացառում եմ, որ վարչական շենքում մարդ լիներ: Մեր աշխատողները մնացել են: Առգրավումը եղել է բոլորի ներկայությամբ: Ես ինքս շենքից դուրս եմ եղել, երբ որ եկել են ոստիկանները», - նշել է թաղապետը:

Հետո նա, իր իսկ խոսքերով, մոտեցել է տնօրեններին և ասել. «Ի՞նչ խնդիր կա: Եթե խնդիր չկա, հանգիստ եղեք, իսկ եթե խնդիր ունեք, ցավում եմ ուղղակի Ձեր համար: Կարևոր է, որ երեխաները ճիշտ սնվեն: Մեզ վստահել են երեխաների օրվա մեծ մասը, և մենք պատասխանատու ենք, որ այդ երեխան ճիշտ սնվի»:

Որքան էլ զարմանալի է, ոստիկանությունը չի հաստատում Շենգավիթի թաղապետ Մկրտչյանի խոսքը: Պարզվում է, հենց նա է գրություն ուղարկել ոստիկանություն: Այս կառույցի լրատվության վարչությունից միջադեպի կապակցությամբ պարզաբանում ստացանք. «Թաղապետարանից գրություն է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կասկածներ կան`իրենց ենթակայությամբ գերծող մանկապարտեզներում վարվող փաստաթղթերում կեղծիքների վերաբերյալ: Նյութեր են նախապատրաստվում».

Միջադեպն այս վերջին օրերին մանկապարտեզների վերահսկման խստացումների հետևանքն է: Երևանի տարբեր մանկապարտեզերում ստուգումներ են իրականացվում, իսկ փետրվարի 7-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էր իր մոտ հրավիրել հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

Ժողովի ժամանակ նա նշել է, որ որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ արձանագրել է թերացումներ, հրահանգել է հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին, պահպանման պայմաններին և զգուշացրել է, որ անօրինական ցանկացած գործողություն կպատժվի»,-գրում է կայքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
10289 | 3
Facebook