Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրաքվեի մասին դեռևս դատողություն անել չենք կարող». Տիգրան Մուկուչյան

15:20, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
«Հանրաքվեի մասին դեռևս դատողություն անել չենք կարող». Տիգրան Մուկուչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այն փաստը, որ ԵԽԽՎ-ն նախաձեռնության ընթացքի փուլում է հորդորել սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, չի՞ նշանակում, որ այդ կառույցը հավանություն չի տալիս ՀՀ իշխանությունների գործողություններին, Վ. Հովակիմյանը բացասական պատասխան է տվել:

«Նույն ԵԽԽՎ անդամ-երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ կարգավորվել ենք: Այսինքն՝ խորհրդարանը սահմանադրական հանրաքվեների որոշումն ընդունում է և ներկայացնում ժողովրդի հաստատմանը»,-հիշեցրել է պատգամավորը: Հստակեցնող հարցին, թե ինքը փաստաթուղթն ուղարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ասել է, թե չի կարող համադրել ուղարկելու և չուղարկելու փաստարկները:

«Վենետիկի հանձաժողովը խորհրդատվակական մարմին է, այս դեպքում ԱԺ նախագահը կորոշի»,- նշել է նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե Սահմանդրության «մեռած» հոդվածը հանրաքվեի չեն դնում, Վ. Հովակիմյանը նկատել է, որ Սահմանադրությունը մեռած հոդված չի ունենում:

Փետրվարի 7-ին ԱԺ-ում էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշել է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ քննարկել են օրենսդրության հետ կապված խնդիրներ: Հանրաքվեի կոնկրետ ընթացակարգի հետ կապված հարցի անդրադարձ չի եղել: Տ. Մուկուչյանն ասել է նաև, որ դեռ որոշակիացված չէ, թե ինչ ձևակերպմամբ է լինելու հանրաքվեի ներկայացվելիք նախագիծը:

«Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, իրավական որևէ հիմք գործընթացի մեկնարկի առումով առկա չէ, դրա մասին դատողություն անել չենք կարող»:

Հարցին, թե իրեն մեղադրել են նախկին իշխանություններին ծառայելու մեջ, ինչպե՞ս է իրեն զգում գործող իշխանության հետ, Տ. Մուկուչյանն ասել է. «Մենք միշտ աշխատել ենք հիմնարար կարգավորումները նկատի ունենալով»:

Տեսանյութը՝ Factor TV-ի
4610 | 0
Facebook