Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր լրանում է Հայկ Ասատրյանի 120-ամյակը

14:20, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Այսօր լրանում է Հայկ Ասատրյանի 120-ամյակը

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է (1900թ., փետրվարի 5, Թուրքիա):

Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետև բնակություն հաստատել Բուլղարիայում և Ռումինիայում։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։

Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թթ.)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես եկավ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։

Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի արդյունքում հեռացվել է կուսակցությունից (1935 թ.)։

1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում։

Մահացել է 1956թ.-ին, հունվարի13-ին Բուլղարիայում:

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը տեղեկացնում է, որ «Վերելք» միությունը 2020-ը հայտարարել է Ասատրյանական տարի, և տարվա համար նախատեսված են մեծ մտածողին նվիրված միջոցառումներ:
     «Առաջին միջոցառումը կլինի այսօր՝ «Վերելք» հաղորդաշարի այսօրվա թողարկումը նվիրվելու է Հայկ Ասատրյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբանը:

3449 | 0
Facebook