Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռ. Քոչարյանի գործով դատարանն անցավ խորհրդակցական սենյակ

12:45, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
Ռ. Քոչարյանի գործով դատարանն անցավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 3-ի նիստում Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բողոք ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա նշեց իրավական հիմնավորումները և դատարանին խնդրեց բեկանել Առաջին ատյանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Պ. Պետրոսյանի բողոքի հիմնական մասը վերաբերում էր դատական վերահսկողությանը: Ըստ նրա՝ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել այնպիսի սխալներ, որոնք ազդել են գործի վրա:

«Դատարանը դուրս է եկել մինչդատական վերահսկողության սահմաններից, դատարանը չէր կարող որոշել, թե նախաքննական նյութերի որ մասն է գաղտնազերծված»,- հայտարարեց դատախազը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 25-ին վճռել էր, որ խախտվել են Ռ. Քոչարյանի իրավունքները: Դատարանն արձանագրել էր նաև, որ նախաքննական նյութերը պաշտպաններին տրամադրելու հարցում գերակայում է հանրային պահանջը, ուստի՝ դրանք ենթակա են տրամադրման և հրապարակման:

Դատախազ Պ. Պետրոսյանն ասաց, որ տրամադրվելիք նյութերը չեն պարունակում այնպիսի տվալներ, որոնք Ռ. Քոչարյանի պաշտպանները կարող են կիրառել գործի ընթացքում: Հ. Խուդոյանն էլ նկատեց, որ օրենսդրությամբ պաշտպանական կողմն իրավունք ունի դրանք ստանալ: Ավելին՝ հիշեցրեց, որ քննիչը ժամանակին ասել է, որ պաշտպաններին տրամադրվել են մեղադրյալների մեղքն ապացուցող տվյալներ: Որոշ նախաքննական տվյալներ սակայն հայտնվել են մամուլում:

Հ. Խուդոյանը հիշեցրեց, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, ավելի ուշ ինտենսիվ քննություն է սկսվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որը մինչև այսօր շարունակվում է։

Դատավոր Ա. Դանիելյանը, լսելով կողմերի փաստարկները, հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ՝ Պ. Պետրոսյանի բողոքի վերաբերյալ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին:

6141 | 0
Facebook