Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր նպատակն ու պահանջը մեկն է՝ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և ասել մեր երեխաների տեղը». մայրեր

12:10, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
«Մեր նպատակն ու պահանջը մեկն է՝ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և ասել մեր երեխաների տեղը». մայրեր

«Հանցանքի գործով կիսահանցագործ ճանաչված և ապօրինի որդեգրման գործով քննվողը գտնվում է ազատության մեջ: Եթե նա արտոնյալ է, թող ուրեմն բոլորի առաջ դռները բացեն և ազատ արձակեն: Մենք դժգոհություն ունենք այս առումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով տուժող կանանցից մեկը՝ դժգոհելով այն փաստից, որ նա ազատության մեջ է:

Որդեգրման ապօրինի գործողություններից տուժած մայրերը նշեցին, որ ակցիայի նպատակն ու պահանջը մեկն է՝ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և որ, ի վերջո, նա ասի իրենց երեխաների տեղը: «Մեր պայքարը չի դադարելու և արդեն բողոքող մայրերի շուրջ 700 դիմում ուղարկվել է թրաֆիքինգի բաժին: Հույս ունենք, որ նրանք բոլորը կճանաչվեն օրինական տուժող և ամեն մանրուքը կբացահայտվի»,- հույս հայտնեցին ակցիայի մասնակիցները:

Տուժածներից մեկը տեղեկացրեց, որ երկու օր առաջ այցելել են Աջափնյակի ՔԿԱԳ և ինչ-որ կնոջ կողմից ականատես եղել նոր «կարվող փաստաթղթերի»: «Նա ի՞նչ իրավունք ունի ձեռք տալ մեր փաստաթղթերին և ծանոթանալ մեր անձնական տվյալներին, ի՞նչ ուղեգրով էր այնտեղ գտնվում, հատուկ պատվերո՞վ միգուցե... Ես այդ մասին զգուշացրել եմ և՛ ԱԱԾ-ին, և՛ ոստիկանությանը: Չի բացառվում, որ այդ անձնավորությունն ուղղորդված է հենց Ռազմիկ Աբրահամյանի կողմից»,- ասաց երեխայից զրկված մայրը:

6316 | 1
Facebook