Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին

18:20, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
Պաղեստինը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին

Մի քանի երկրների կողմից ճանաչված Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին:
     «Մենք երկու նամակ ենք ուղարկել. մեկն Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին, այն մասին, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»,- ասել է Աբասը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այլևս Պաղեստինի ընկերը չէ», փոխանցում է РИА Новости-ն:

Ինչպես արդեն հայտնել էինք, նախորդ շաբաթ Աբասը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն անվանելով:

«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվի։ Մենք ծնկի չենք գա և չենք հրաժարվի: Մենք թույլ չենք տա արհամարհել պաղեստինյան ժողովրդի պատմական իրավունքները։ Դավադրությունները, գործարքները և դավաճանական ծրագրերը` պաղեստինյան հարցը վերացնելու համար, դատապարտված են ձախողման: Մենք մերժում ենք «դարի գործարքը: Երկու տարի հետո մեր դիրքորոշումը չի փոխվել, և այսօր այն չի փոխվի. մենք առաջնահերթություն ենք տալիս դիմադրության ճակատին` իսրայելական պլանները ձախողելու համար, մեր միասնությունը վերջ կդնի անարդարությանը և զավթմանը»,- ասել էր Աբասը:

Հիշեցնենք՝ Թրամփը հրապարակել էր Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը, որը ԶԼՄ-ները անվանել էին «դարի գործարք»։ Հրապարակված քարտեզի համաձայն՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստի Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են:

5738 | 0
Facebook