Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան որոշեց լքել Եվրամիությունը

17:30, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան որոշեց լքել Եվրամիությունը

Նախօրեին Եվրոպական միության խորհուրդը (ԵՄԽ) հաստատեց հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017-ի գարնանը, և որին նախորդել էր 2016-ի հունիսին Մեծ Բրիտանիայում անցկացված Եվրոմիության կազմից դուրս գալու հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքներից պարզ դարձավ, որ Brexit-ին աջակցել են ընտրողների 51.9%-ը, որոնց մասնակցությունը կազմել էր 72.2%։ Այն ամենաբարձր ցուցանիշն էր 1992-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ուելսում ելքի օգտին քվեարկել էր հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը (52,5%), Անգլիայում՝ 53.4%-ը: Brexit-ին դեմ էին Շոտլանդիայում (62%) և Հյուսիսային Իռլանդիայում (55.8%):

Ինչպես ցույց տվեցին Ashcroft–ի հարցումները, Brexit-ին կողմ էին տղամարդկանց և կանանց նույն թվաքանակը (52%), սակայն ԵՄ-ից դուրս գալու գաղափարն ավելի մեծ աջակցություն ստացավ աղքատների շրջանում (64%), քան միջին դասի (51%) և հարուստ քաղաքացիներ շրջանում (43%): Բրիտանացիները նշել են երեք պատճառ, թե ինչու են ցանկանում քվեարկել Եվրոմիությունից դուրս գալու օգտին:

Նրանք ցանկանում էին, որպեսզի Մեծ Բրիտանիայի հարցերով որոշումներ կայացվեն սեփական երկրում,
     սահմանների վերահսկողությունը վերականգնելու հնարավորություն ընձեռվի, մարդիկ մտահոգած էին ԵՄ լիազորությունների ընդլայնման վերաբերյալ։

Մեծ Բրիտանիան Եվրոմիության երկրորդ խոշոր տնտեսությունն է Գերմանիայից հետո (2018-ի վերջին նրա ՀՆԱ-ն կազմել է 2,8 տրիլիոն դոլար, Գերմանիայինը՝ 4 տրիլիոն դոլար, Ֆրանսիայինը՝ 2,7 տրիլիոն դոլար)։ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կազմում էր ԵՄ 28 երկրների տնտեսությունների 15,2%-ը:

Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ բնակչությունը կպակասի 66,2 միլիոնով (2018-ին ԵՄ ընդհանուր բնակչությունը կազմում էր 513 միլիոն մարդ): ԵՄ տարածքը կկրճատվի 248 հազար քառ. կմ-ով։

6984 | 0
Facebook